
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. IDBank-ի հաղորդմամբ՝ ավարտվել է երեխաների շրջանում հայտնի Junius ֆինանսական մրցաշարը, որի ընթացքում մասնակիցները խաղային միջավայրում ծանոթացել են անձնական ֆինանսների կառավարման հիմնական գործիքներին։
Բանկի տվյալներով՝ մրցաշարի ընթացքում երեխաները սովորել են ճիշտ տնօրինել և խնայել գումարը, ճանաչել ֆինանսական խարդախության ժամանակակից ձևերը և պաշտպանվել դրանցից, ինչպես նաև արդյունավետ կիրառել թվային ֆինանսական գործիքները։
Idram և IDBank-ի հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ մրցաշարի յուրաքանչյուր նոր փուլում մասնակիցների թիվն աճել է, և նախաձեռնությանը պարբերաբար միացել են նոր երեխաներ։ Նրա խոսքով՝ եղել են նաև այն մասնակիցները, որոնք մասնակցել են բոլոր խաղերին և շարունակել են պայքարել առաջատարների թվում լինելու համար։
Վարդևանյանը հիշեցրել է, որ գործող կանոնների համաձայն՝ առաջին հաղթանակից հետո մասնակիցը հաջորդ երեք ամիսների ընթացքում չի կարող կրկին ճանաչվել հաղթող և ստանում է միայն խրախուսական մրցանակ։ Այդուհանդերձ, նրա խոսքով, այս փուլում ևս եղել են խրախուսական մրցանակ ստացած մասնակիցներ, որոնք անկեղծորեն ուրախացել են նաև այդ պարգևներով։
Ընկերությունում ընդգծում են, որ երեխաների աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, ինչպես նաև ստացած գիտելիքները, Junius-ը դարձնում են երկարաժամկետ նախաձեռնություն՝ ուղղված ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը։ Մրցաշարը հասանելի է Idram Junior հավելվածում։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-ից 16 տարեկան օգտատերերի համար։ Այն երեխաներին հնարավորություն է տալիս օգտվել անկանխիկ միջոցներից, կատարել անհպում վճարումներ, կուտակել միջոցներ և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողներին՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործարքները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
Ընկերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։
Աղբյուր՝ armbanks.am
