Bankomat

JPMorgan-ի փորձագետները գնահատել են ԱՄՆ պարտքային քաղաքականության հետևանքները

Լուրեր | 2026/08/21 18:00

JPMorgan-ի փորձագետները գնահատել են ԱՄՆ պարտքային քաղաքականության հետևանքները

ԱՄՆ-ի պարտքային քաղաքականության հետևանքները և ներդրողների մարտահրավերները

ԱՄՆ կառավարության՝ գանձապետական պարտատոմսերի շուկայում ճնշումը կառավարելու քայլերը կարող են ընդամենը հետաձգել խնդիրը՝ համաշխարհային մակարդակով պարտքային գործիքների թողարկման աճի պայմաններում, հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով JPMorgan-ի փորձագետներին:

Օրերս, ընկերության գլոբալ հիմնարար հետազոտությունների բաժնի համաղեկավար Ջեյմս Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության ռազմավարությունը՝ երկարաժամկետ պարտատոմսերը հետ գնել և միաժամանակ կարճաժամկետ գանձապետական մուրհակներ թողարկել, միայն ժամանակավոր թեթևացում է ապահովում:

Սալիվանն այս մոտեցումը համեմատել է «հիփոթեքը վարկային քարտով վճարելու» հետ՝ նշելով, որ ժամանակի ընթացքում անհամապատասխանությունն ավելի ակնհայտ կդառնա: Նրա խոսքով՝ միջամտությունը չի լուծում հիմնական խնդիրը՝ պետական և կորպորատիվ պարտքի աճող ծավալը, որի համար անհրաժեշտ է գնորդներ գտնել:

Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ ավանդական ներդրողները նվազեցնում են իրենց մասնակցությունը: Չինաստանի ներդրումները ԱՄՆ գանձապետական արժեթղթերում նվազել են մինչև վերջին 18 տարվա նվազագույն մակարդակը, իսկ օտարերկրյա կառավարությունների պահումները՝ մինչև վերջին 14 տարվա նվազագույնը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ կառավարության ընդհանուր պարտքը կազմում է մոտ 40 դոլար տրլն, իսկ զարգացած երկրների պետական պարտքը՝ 76 տրլն դոլար:

Վերջերս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ նախատեսում է առնվազն կրկնապատկել պետական պարտքի հետգնման ծավալը:

Պետական փոխառություններին զուգահեռ արագորեն աճում է նաև կորպորատիվ պարտքը: Միայն արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերություններն այս տարի թողարկել են 200 մլրդ դոլարի պարտքային պարտավորություններ, ինչը 80%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

JPMorgan-ում ընդգծում են, որ պարտատոմսերի եկամտաբերությունն այժմ գերազանցում է S&P 500 ինդեքսում ընդգրկված բաժնետոմսերի եկամտաբերությունը, ինչն էապես բարդացնում է ներդրողների ընտրությունը տարբեր ակտիվների դասերի միջև:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ