Ինչպես կարող են ազդել Իրանի և նրա գործընկեր պետությունների նկատմամբ ԱՄՆ հայտարարած նոր տնտեսական պատժամիջոցները Հայաստանի և Իրանի հարաբերությունի և համատեղ նախագծերի վրա:
Երեկ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հրապարակեց պատժամիջոցները, որոնց նպատակն է Իրանի տնտեսական և ֆինանսական կապերը հնարավորինս կտրել արտաքին աշխարհից: Նախորդ շաբաթ, երբ պատժամիջոցները դեռ հրապարակված չէին, բայց Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մասին Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել էր, Հայաստանի վարչապետը ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի կառավարությունն անհանգստացած է այս վիճակով:
«Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ, բնականաբար, մենք շատ անհանգստացած ենք, և մենք նաև այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի»,- հայտարարել է վարչապետը:
Նոր սահմանափակումները վերաբերում են ոչ միայն իրանական ընկերություններին և պաշտոնյաներին։ Միացյալ Նահանգները զգուշացնում է նաև Իրանի հետ տնտեսական գործարքներ իրականացնող երրորդ երկրների բանկերին և ընկերություններին, որ կարող են դադարեցնել ֆինանսական գործարքները Իրանի հետ առնչության պատճառով:
Իրանագետ, միջազգայնագետ Ալեն Շադունցն ասում է՝ Հայաստանի հետ Իրանի տնտեսական կապերը կամ առևտրաշրջանառությունը ծավալով այնքան խոշոր չեն, որ հայտնվեն Միացյալ Նահանգների մտահոգությունների տիրույթում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 770 միլիոն դոլար կամ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 3.6 տոկոսը:
Հայաստանի և Իրանի միջև գործում է նաև գազ-էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագիրը, որի ծավալները զգալի ընդլայնելու ցանկության և հնարավորության մասին կողմերը հայտարարեցին վերջերս:
Աղբյուր՝ www.azatutyun.am
