Bankomat

Իրանը և Օմանը կարող են վերագործարկել նավարկությունը Հորմուզի նեղուցով

Լուրեր | 2026/08/04 16:30

Իրանը և Օմանը կարող են վերագործարկել նավարկությունը Հորմուզի նեղուցով

Նավարկության կազմակերպման հարցում կողմերը կարող են համաձայնության գալ

Իրանը և Օմանը մոտ ապագայում կարող են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավարկության կազմակերպման հարցում, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան և իրանական աղբյուրներին:

NYT-ի հետ զրուցած, համաձայնագրի մանրամասներին ծանոթ պաշտոնյաների խոսքով՝ դրա պայմաններով Պարսից ծոց մուտք գործող նավերը կշարժվեն Իրանի վերահսկողության ներքո գտնվող և նրա ափերին մոտ երթուղով, իսկ ծոցից դուրս եկող նավերը՝ Օմանի ափերին հարող երթուղով:

Իրանի պաշտոնյաների խոսքով՝ նավերի անցման համար տուրքեր չեն գանձվի: Միաժամանակ նախատեսվում է սահմանել «ծառայության վճար», որը կուղղվի նավարկության բնապահպանական ազդեցության մեղմմանը, բեռնատար նավերի և տանկերների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի ծախսերի փոխհատուցմանը: Ստացված եկամուտները հավասարապես կբաժանվեն Իրանի և Օմանի միջև:

Սակայն բանակցություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյան պնդել է, որ Իրանի ներկայացրած տարբերակը «ճշգրիտ չէ»: Նրա խոսքով՝ նեղուցով նախատեսվող ցանկացած ժամանակավոր երթուղի չի պահանջի Իրանի հաստատումը կամ թույլտվությունը և չի ենթադրի որևէ վճարի գանձում:

Միաժամանակ իրանցի պաշտոնյաները շեշտել են, որ ցանկացած համաձայնությունից անկախ՝ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել Պարսից ծոցում իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, և երկու երկրները չեն վերադարձել ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում ամրագրված 14 կետից բաղկացած ծրագրին:

Իրանի ներկայացուցիչների խոսքով՝ Օմանի հետ մշակվող համաձայնագիրը նպատակ ունի ամրագրել Թեհրանի կարողությունը վերահսկելու Հորմուզի նեղուցը և պահպանելու այն ռազմավարական լծակը, որը երկիրը մինչ պատերազմը չէր օգտագործում:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է շարունակի մնալ բաց միջազգային ջրային ուղի, ինչպես եղել էր մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ