Bankomat

Ի՞նչ է ստացել Երևանը 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործարքից

Լուրեր | 2026/08/12 07:01

Ի՞նչ է ստացել Երևանը 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործարքից

Վաշինգտոնյան համաձայնագրերի ազդեցությունը Հայաստանի վրա

Վաշինգտոնի համաձայնագրերից մեկ տարի է անցել, ի՞նչ է ստացել Երևանն այս գործարքից ու ի՞նչ ազդեցություն է այն ունեցել Հայաստանի վրա: Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասում է՝ կարևոր է, որ գործընթացն առաջ է շարժվում, Ադրբեջանի հետ արդեն առևտուր կա, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացել են՝ դրա վկայությունը օրերս բացված Արհեստական բանականության գործարանն է:

«Սա գործընթաց է, որը բխում է Հայաստանի շահերից, և մենք էս ուղղությամբ առաջ ենք շարժվելու: Եվ մենք բազմիցս նշել ենք, որ մեր որևէ հարաբերություն որևէ երկրի հետ, խորացում այդ հարաբերությունների ի վնաս չէ մեր այլ հարաբերություններին, և սրանում է կայանում հենց բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը», - հայտարարեց Խանդանյանը:

Իսկ ի՞նչ փուլում է TRIPP-ի շրջանակում երկաթգծի կառուցման նախագիծը, և արդյո՞ք ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմն ու չհաստատվող խաղաղությունը կարող են խոչընդոտել այդ ծրագրին՝ հաշվի առնելով, որ TRIPP-ը նաև ամերիկյան ծրագիր է, իսկ երկաթուղին, ըստ մինչ այս հնչող հայտարարությունների, պիտի անցնի Իրանի սահմանին շատ մոտ: Խանդանյանի խոսքով՝ մտահոգվելու առիթ չկա, քանի որ Հայաստանի և Իրանի միջև այս հարցում փոխըմբռնում կա:

«Կարծում եմ՝ որևէ մտահոգվելու առիթ չկա, մենք Իրանի մեր գործընկերների հետ Հայաստանի կառավարությունը ակտիվ քննարկել է այս հարցը, փոխըմբռնում կա այս հարցի շուրջ, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ իրանա - ամերիկյան լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա», - պնդեց իշխող կուսակցության պատգամավորը:

Իրանի վերաբերմունքի հարցում այլ մոտեցում ունեն փորձագետները. «ԱՊՐԻ Հայաստան» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն ասում է՝ Թեհրանի մտահոգությունները TRIPP-ի մասով պահպանվում են, դրանք վերջերս իրանցի փորձագետներն են արտահայտել Կապանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ:

Մտահոգությունները կապված են Հայաստան-Իրան սահմանի ու անխափան կապի կենսական նշանակության և Միացյալ Նահանգների ներկայության հետ:

«Իհարկե, մտահոգված են Միացյալ Նահանգների հնարավոր ներկայությամբ, որը գուցե նույնիսկ ռազմական չլինի, ապա կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, դա նշանակում է՝ որպես անվտանգության ոլորտում էլի հնարավոր սպառնալիք», - նշեց Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, ապա Սերգեյ Մելքոնյանն ասում է՝ իրենք կարծում են, որ TRIPP-ն ավելի շատ աշխարհքաղաքական նախագիծ է, քան տնտեսական:

Պայմաններում, երբ դեռ հստակ չէ՝ TRIPP-ն իրագործվելու դեպքում Հայաստանի համար ամբողջ տարածաշրջանը կապաշրջափակվի՞, թե՞ ոչ, «ԱՊՐԻ» կենտրոնը հաշվարկել է երկու սցենարն էլ:

Եթե սկսի գործի միայն Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, ապա Հայաստանը կարող է տարեկան միայն մոտ 23 միլիոն դոլար ստանալ: Իսկ եթե տարածաշրջանն ապաշրջափակվի, Հայաստանը կարող է ստանալ 16 անգամ ավելի՝ մոտ 388 միլիոն դոլար տարեկան:

Հետևաբար՝ ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի համար առավել կարևոր է, սակայն դեռևս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նման նշաններ չկան:

«Մեզ պետք է ելք դեպի Միջերկրական ծով և Պարսից ծոց: Էդ դեպքում անհրաժեշտ է բացել այն այլ հաղորդակցությունները, որոնք կան, մասնավորապես երկաթգծի մասին է խոսքը, որը դեր այսօր ըստ օրակարգի չունի», - ասաց «ԱՊՐԻ Հայաստան»-ի գիտաշխատողը:

Եթե գործարկվի միայն TRIPP-ը, իսկ մյուս ճանապարհները Հայաստանի համար չբացվեն, Սերգեյ Մելքոնյանը կարծում է՝ կարող է լեգիտիմացվել Հայաստանի նոր շրջափակումը:

Քաղաքագետներն առանձնացնում են անցած տարվա օգոստոսին ստորագրված վաշինգտոնյան պայմանավորվածությունների ազդեցությունը հայ - ադրբեջանական հարաբերություններում էսկալացիայի վտանգի վրա:

«2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այդ վանգը էականորեն նվազեց, կարելի է ասել՝ մոտեցավ զրոյի», - նշեց Պողոսյանը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ