ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի որոշմամբ՝ Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:
Վահան Միսակյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ճարտարապետի որակավորում ստանալուց հետո կրթությունը շարունակել է Կոլումբիայի համալսարանում (ք. Նյու Յորք, ԱՄՆ)՝ ստանալով մագիստրոսի աստիճան երկու մասնագիտություններով:
Նա, հետևելով ՀՀ վարչապետի կոչին, դիմել էր ներառվելու կառավարության կադրային բանկում. Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել էր, արտերկրում կրթություն ստացած մասնագետներին նշանակում է բարձր պաշտոնների:
Ներկայացնում ենք Վահան Միսակյանի կենսագրությունը:
Վահան Մաքսիմի Միսակյան
Ծնվել է 1986թ. մայիսի 3-ին Հայաստանում:
Կրթություն
2003–2009 թթ. սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ներկայիս՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) ճարտարապետության ֆակուլտետում՝ ստանալով ճարտարապետի որակավորում:
2009-2011թթ. սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:
2011-2012թթ. կրթություն է ստացել Կոլումբիայի համալսարանի (ք. Նյու Յորք, ԱՄՆ) ճարտարապետության, պլանավորման և պահպանության ֆակուլտետում՝ ստանալով գիտությունների մագիստրոսի աստիճան «Առաջադեմ ճարտարապետական նախագծում» մասնագիտությամբ:
2012-2014թթ. Կոլումբիայի համալսարանի նույն ֆակուլտետում ստացել է գիտությունների մագիստրոսի երկրորդ աստիճանը «Քննադատական, համադրողական և հայեցակարգային գործունեություն» մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
2014–2015թթ. ԱՄՆ Նյու Յորք քաղաքում աշխատել է որպես ճարտարապետ «Ստուդիո Էմ Դի Էյ» ընկերությունում:
2014-2015թթ. ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Կոլումբիայի համալսարանում եղել է ճարտարապետության, պլանավորման և պահպանության հրավիրյալ և ասոցացված դասախոս:
2018-2020թթ. ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի Մինեսոտայի համալսարանում ստանձնել է ճարտարապետության «Քես Գիլբերտ» անվանական դասախոսի պաշտոնը, հանդիսացել ղեկավար խորհրդի անդամ՝ մագիստրոսական ծրագրում մշակելով և դասավանդելով քաղաքաշինության, ճարտարապետական նախագծման և տեսության դասընթացներ:
Վերադառնալով Հայաստան՝ 2015-2018, ապա 2020-2026 թթ. նախաձեռնել է անկախ նախագծահետազոտական գործունեություն (vahanmisakyan.com)՝ ծավալելով աշխատանքներ հետևյալ ուղղություններով:
«Ամպ» արվեստանոցի շրջանակում (ampstudio.am) իրականացրել է ճարտարապետական և քաղաքաշինական նախագծեր, Երևանի պատմական քաղաքային հյուսվածքի կառուցվածքային հետազոտություններ, որոնց հիման վրա մշակված և հետագայում զարգացված նախագիծը «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակենդանացման մրցույթի երկու փուլերում էլ (2022 և 2024թթ.) ճանաչվել է հաղթողներից մեկը, Հիմնադրել է «Էքս-քոմոնս» հարթակը (x-commons.com)՝ ձևավորելով միջազգային բաց համագործակցային ցանց և իրականացնելով հետազոտություններ համընդհանուր, անշոշափելի ենթակառուցվածքների, կառուցված ու երևակայական միջավայրերի հատման տիրույթում՝ ցուցահանդեսների, ֆորումների և հրապարակումների ձևաչափով, Նախագծել և առաջնորդել է «Հսկվող քաղաքների լաբորատորիայի» (surveillantcity.org) հետազոտական աշխատանքները՝ իրականացնելով քաղաքային միջավայրերի թվային, վերահսկողական ու ենթակառուցքային էվոլյուցիայի տարածական հետազոտություններ, մշակելով համակարգչային տեսողության և մեքենայական ուսուցման աշխատանքային հոսքեր, ինչպես նաև հրապարակելով մասնագիտական շտեմարաններ:
Լրացուցիչ տվյալներ
Հեղինակած հոդվածները, նախագծերն ու հետազոտությունները հրապարակվել են միջազգային մասնագիտական պարբերականներում ու գրքերում, ներկայացվել գիտաժողովներում, արժանացել մասնագիտական մի շարք մրցանակների:
Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ է:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։
Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արդեն իսկ ստացել են 1141 հայտ, դիմումների ուսումնասիրության, և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։
Վարչապետը նաև հայտնել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել առաջիկայում, և կլինի այդ որոշումների դե յուրե իրագործումը։
Աղբյուր՝ armtimes.com
