Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների առաջարկին: Եթե այս ամիս նաև Եվրախորհրդարանը նախագիծը հաստատի, հայկական արտադրության մի քանի հարյուր տեսակի ապրանքներ առանց մաքսատուրքի Եվրամիության շուկա կարող են մտնել:
Բրյուսելն այս քայլին է գնում Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների ֆոնին: Ուղիղ երկու ամիս առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ազդարարեց Բրյուսելի մտադրության մասին:
«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար», - հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահը:
Առևտրի ինքնավար միջացառումների կամ ATM սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:
Եվրոպան կանգնած է Հայաստանի ու Հայաստանի ժողովրդի կողքին, որն ընտրել է բարեփոխումների և Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ճանապարհը, մեկնաբանելով Եվրամիության խորհրդի որոշումը՝ ասել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄըքԷնթին:
«Այս որոշումը հստակ ուղերձ է՝ Եվրամիությունն արձագանքում է տնտեսական հարկադրանքին: Մենք նոր հնարավորություններ կստեղծենք և կկանգնենք մեր գործընկերների կողքին», - վստահեցրել է իռլանդացի նախարարը:
Առաջարկը, որն, ըստ Բրյուսելի, առաջիկա շաբաթներին հավանաբար ամբողջությամբ կհաստատեն, ընդհանուր 324 ապրանքախմբի համար ազատ առևտրի հնարավորություն է նախատեսում:
Բրյուսելի հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանն ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի:
Եվրամիության գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:
Գյուղատնտեսական 8 մշակաբույսերի համար հստակ քանակական սահմանափակումներ կլինեն:
- 6.5 հազար տոննա վարունգ
- 5 հազար տոննա խաղող
- 750 տոննա տանձ
- 7 հազար տոննա ծիրան
- 2 հազար տոննա բալ
- 3500 տոննա դեղձ
- 1.5 հազար տոննա սալոր
- 2.5 հազար տոննա ելակ
Գյուղատնտեսական այս մշակաբույսերից զատ ևս 316 ապրանքախմբի համար ընդհանրապես որևէ քանակական սահմանափակում չեն նախատեսել:
Եվրամիությունը նախատեսում է նման արտոնյալ պայմաններ սահմանել երկու տարի ժամկետով:
Պայմաններից մեկը Հայաստանի արդյունավետ համագործակցությունն է:
Աղբյուր՝ www.azatutyun.am
