Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որոնցով նախատեսվում է գործարկել ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտահարկի հաշվին անհատույց փոխանցումների մեխանիզմներ։ Դրանք կարող են ուղղվել հասարակական կազմակերպություններին, մեդիա գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և քաղաքական կուսակցություններին։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում արդեն գործում է եկամուտների հայտարարագրման համակարգը, որի շրջանակում քաղաքացիները տարեկան ներկայացնում են իրենց եկամուտների հայտարարագրերը և սոցիալական կրեդիտների միջոցով կարող են հետ ստանալ առողջապահության և կրթության ծառայությունների վրա կատարված ծախսերի մի մասը՝ եկամտահարկի հաշվին։
Նախագծով առաջարկվում է ընդլայնել սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, սոցիալական ծախս կհամարվեն նաև այն միջոցները, որոնք ֆիզիկական անձը անհատույց փոխանցում է հասարակական կազմակերպություններին, մեդիա գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ քաղաքական կուսակցություններին։
Փոփոխություններով նաև նախատեսվում է, որ կառավարությունը կսահմանի սոցիալական ծախսերի առավելագույն չափերը, համապատասխան կազմակերպությունների գործունեության ոլորտները, դրանց ներկայացվող չափանիշները, ինչպես նաև այն տեղեկությունների ցանկն ու ներկայացման և հրապարակման կարգը, որոնք պետք է փոխանցվեն հարկային մարմնին։ Այդ նպատակով կձևավորվեն համապատասխան ցանկեր, որոնք կհրապարակի հարկային մարմինը։
Հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով պետք է ընտրեն իրենց նախընտրած կազմակերպությունները և նշեն այն գումարի չափը, որը պետական մարմինը պետք է փոխանցի հասցեատիրոջը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրինագիծը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և անհատ ձեռնարկատերերի համար։ Միաժամանակ, նրա խոսքով, կարևոր է, որպեսզի քաղաքացիները ավելի ակտիվ մասնակցեն եկամուտների հայտարարագրման գործընթացին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր հերթին ընդգծել է, որ նախաձեռնության հիմքում պետք է լինի բարեվարքության գաղափարը։ Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունները պետք է ամեն տարի ներկայացնեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, իսկ լրատվամիջոցները պետք է խուսափեն կեղծիքներից։
Նախարարը նաև հայտնել է, որ վարչապետի աշխատակազմում արդեն շրջանառվում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման վերաբերյալ օրենքների փաթեթ, որը մոտ ժամանակում կներկայացվի կառավարության հաստատմանը։ Այդ փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է սահմանել լրատվամիջոցների բարեվարքության հնարավոր միավորներ։

Աղբյուր՝ finport.am
