Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով 2027 թվականի հունվարի 1-ից կարող է փոխվել պետական համակարգի մի շարք պաշտոնատար անձանց վարձատրության համակարգը։ Նախագծով, մասնավորապես, խոշոր համայնքների ղեկավարների ամսական աշխատավարձը կարող է հասնել մոտ 1,2 մլն դրամի։

Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ այսօր բազմաթիվ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը կազմում է 250–350 հազար դրամ։ Նրա խոսքով՝ եթե արդյունավետության ցուցանիշը լինի 80% և ավելի, ապա այդ աշխատակիցների վարձատրությունը կձևավորվի 400–500 հազար դրամ միջակայքում։
Խաչատրյանի խոսքով՝ բաժինների պետերը, որոնք գործող համակարգում ամսական ստանում են մինչև 400 հազար դրամ, նոր մեխանիզմների ներդրումից հետո, հավելավճարները հաշվի առնելով, կարող են ստանալ մինչև 740 հազար դրամ։
Համայնքների ղեկավարների վարձատրությունը
Փոփոխությունները վերաբերում են նաև համայնքների ղեկավարներին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ այժմ նրանք ստանում են ամսական 250 հազարից մինչև 500 հազար դրամ, իսկ միջին աշխատավարձը մոտ 350 հազար դրամ է։ 500 հազար դրամ առավելագույն շեմը գործում է 75 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների համար։
Նրա խոսքով՝ խոշորացված համայնքների դեպքում նախատեսվում է 700 հազար դրամից սկսվող աշխատավարձ, իսկ մինչև հարկումը միջին չափը կկազմի մոտ 1 մլն դրամ։ Կլինեն նաև 75 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի աշխատավարձը կկազմի մոտ 1,2 մլն դրամ։
Բյուջեի լրացուցիչ ծախսերը
Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ փոփոխությունների իրականացման համար պետական բյուջեից տարեկան անհրաժեշտ կլինի հատկացնել 2026 թվականի համեմատ լրացուցիչ 25 մլրդ դրամ։
Նոր համակարգը չի տարածվելու այն աշխատակիցների վրա, որոնց համար արդեն գործում է առանձին խրախուսման մեխանիզմ։ Փոխվարչապետի խոսքով՝ բարեփոխման նպատակը աշխատանքի արդյունքները վարձատրության հետ կապելն է, պետական մարմինների արդյունավետությունը բարձրացնելը և քաղաքացիական ծառայությունը ավելի գրավիչ ու մրցունակ դարձնելը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխմամբ լուծվող խնդիրը ռազմավարական է որակել՝ նշելով, որ այս համակարգը պետական պաշտոնյայի համար անխուսափելի է դարձնում սեփական հմտությունների վրա աշխատելու տրամաբանությունը։ Կառավարության հավանությանն արժանացած փաթեթը կուղարկվի Հայաստանի Ազգային ժողով, իսկ նոր համակարգի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։
Աղբյուր՝ arka.am
