Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանում գործող առևտրային բանկերի վճարած հարկերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.68%-ով։ Ցանկում ներկայացված է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։
Բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն այս ընթացքում Արդշինբանկն է։ Բանկը վճարել է 38.09 մլրդ դրամ հարկ, ինչը 2025 թվականի համադրելի ցուցանիշից ավելի է 6.20 մլրդ դրամով կամ 19.44%-ով։ Ընդհանուր ցանկում բանկը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Երկրորդ տեղում Ամերիաբանկն է՝ 27.99 մլրդ դրամ հարկով, տարեկան աճը կազմել է 3.00 մլրդ դրամ կամ 12.01%։ Երրորդը ԱԿԲԱ Բանկն է՝ 13.72 մլրդ դրամով, որտեղ աճը կազմել է 2.46 մլրդ դրամ կամ 21.89%։ Առաջատար հնգյակում են նաև Ինեկոբանկը՝ 10.60 մլրդ դրամ և ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 7.78 մլրդ դրամ հարկով։ Վերջինիս դեպքում արձանագրվել է ամենաբարձր աճերից մեկը՝ 76.97%։
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Կոնվերս Բանկը՝ 7.58 մլրդ դրամ, Էվոկաբանկը՝ 7.46 մլրդ դրամ, ԱյԴի Բանկը՝ 6.54 մլրդ դրամ, Հայէկոնոմբանկը՝ 5.65 մլրդ դրամ և Արարատբանկը՝ 4.90 մլրդ դրամ։ Այս բանկերից բոլորի մոտ գրանցվել է աճ՝ 2.06%-ից մինչև 34.80% միջակայքում։
Հաջորդ դիրքերում են Արմսվիսբանկը և ԱՄԻՕ Բանկը՝ յուրաքանչյուրը 3.95 մլրդ դրամ հարկով, ինչպես նաև Ֆասթ Բանկը՝ 3.75 մլրդ դրամով։ Միակ խոշոր անկումը ներկայացված հատվածում գրանցել է Յունիբանկը, որի վճարած հարկերը նվազել են 6.04 մլրդ դրամից մինչև 2.81 մլրդ դրամ, կամ 53.47%-ով։


Աղբյուր՝ b24.am
