Հայաստանի Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր, որը համալրված է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն տեխնոլոգիաներով:
Այս ջերմոցում աճեցվում են լոլիկներ, որոնք աճում են կոկոսի մանրաթելերից պատրաստված մաքուր միջավայրում: Ջերմոցային համալիրում ներդրված «խելացի» համակարգը սկանավորում է ամբողջ ջերմոցը՝ հավաքելով և վերլուծելով լոլիկի քանակի, հասունության, բույսերի վիճակի և վնասատու միջատների առկայության վերաբերյալ բոլոր տվյալները:
Այս ջերմոցից օրական ստանում են շուրջ 18-20 տոննա բերք, որն արտահանվում է տարբեր երկրներ, այդ թվում՝ Լատվիա, Բուլղարիա, Ռումինիա և Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Այս նախագիծը ֆինանսավորելու ընթացքում հարցերը շատ էին, սակայն այստեղ մեծ դեր խաղաց վստահությունը, և մենք վստահորեն գնացինք նախագծի ֆինանսավորման ճանապարհով», - նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Մեր ջերմոցն ամբողջությամբ ֆինանսավորվել է Ակբա բանկի միջոցով, իսկ Ակբա Լիզինգի հետ համագործակցությամբ ջերմոցային համալիրը հագեցրել ենք տարբեր տեխնիկաներով», - ավելացրել է «Ագրո Պրոմ» ընկերության հիմնադիր Հայկ Հունանյանը:
Աղբյուր՝ www.1in.am
