Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր:
Ջերմոցային համալիրում ներդրված «խելացի» համակարգը սկանավորում է ամբողջ ջերմոցը՝ հավաքելով և վերլուծելով լոլիկի քանակի, հասունության, բույսերի վիճակի և նույնիսկ վնասատու միջատների առկայության վերաբերյալ բոլոր տվյալները:
Գերժամանակակից այս ջերմոցում լոլիկներն աճեցվում են կոկոսի մանրաթելերից պատրաստված մաքուր միջավայրում. անհրաժեշտ բոլոր սննդանյութերը բույսերին մատակարարվում են կաթիլային ոռոգման համակարգով:
Այժմ ջերմոցից օրական ստանում են շուրջ 18-20 տոննա բերք, որն ամեն օր արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ՝ Լատվիա, Բուլղարիա, Ռումինիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն:
Արտադրության ծավալը մոտ ապագայում նախատեսվում է հասցնել օրական շուրջ 40 տոննայի:
«Այս նախագիծը ֆինանսավորելու ընթացքում հարցերը շատ էին, սակայն այստեղ մեծ դեր խաղաց վստահությունը, և մենք վստահորեն գնացինք նախագծի ֆինանսավորման ճանապարհով: Նախագիծը, որն արդեն պատրաստ է, և մենք տեսնում ենք, ի սկզբանե եղել է պարզապես գաղափար՝ գրված թղթի վրա. այժմ մենք հպարտանալու առիթ ունենք, որ այսպիսի լավ աշխատանք ենք ֆինանսավորել»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Այս ջերմոցում գործողությունները կառավարում է արհեստական բանականությունը, ունենք նաև մոնիթորինգի ռոբոտ, որը սկանավորում է ամբողջ ջերմոցն ու բույսերը: Ներկա պահին կարող ենք իմանալ, թե քանի կիլոգրամ լոլիկ ունենք, ինչ հասունության, կա՞ն արդյոք հիվանդ բույսեր, և անգամ ռոբոտը մեզ օգնում է հասկանալ, թե ինչ միջատներ կան այստեղ: Մեր բիզնեսի ընդհանուր զարգացման մեջ շատ մեծ դերակատարություն են ունեցել Ակբա բանկը և Ակբա Լիզինգը»,- նշում է «Ագրո Պրոմ» ընկերության հիմնադիր, տնօրեն Հայկ Հունանյանը:
Արդեն գործող ջերմոցի կողքին՝ կրկին 10 հեկտար տարածքում, մեկնարկել են ջերմոցային նոր համալիրի շինարարական աշխատանքները, նախատեսվում է նաև կառուցել արտադրական տարածք, որտեղ կկազմակերպվի անհրաժեշտ փաթեթավորման արտադրությունը:
Աղբյուր՝ acba.am
