Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այսօր հայտարարեց, որ Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացնել, ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ երբ արդեն առկա կլինի հստակ ճանապարհային քարտեզ:
«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու համար պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:
«Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում: Վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա, խնդիրը ժամկետներն են», - հայտարարեց Փաշինյանը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
