
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «OpenAI» միջազգային ընկերության համագործակցության շրջանակում 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները կկարողանան օգտվել ChatGPT Edu հարթակից։ Այդ մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է մտնել my.emis.am հարթակի անձնական օգտահաշիվ և սեղմել OpenAi սեղմակը, որից հետո օգտատերը անմիջապես կհայտնվի դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում։
Նախարարությունը հայտնել է, որ ChatGPT Edu-ի ճիշտ օգտագործումն ապահովելու համար մշակվել են ուղեցույցներ դպրոցների տնօրենների, նրանց տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։ Հարթակը ներկայացվում է որպես միասնական կրթական գործիքակազմ և հասանելի է բոլոր պետական դպրոցներին։
Ուղեցույցները երաշխավորվել են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից։
Գերատեսչության գնահատմամբ՝ ուսուցման գործընթացում ԱԲ նոր գործիքի կիրառումը միտված է կրթության որակի բարելավմանը և սովորողների կիրառական հմտությունների ձևավորմանը։
Աղբյուր՝ hetq.am
