«ՀԱՊԿ-ում աշխատանքների հետ կապված ոչինչ չի փոխվել, Հայաստանը արդեն մի քանի տարի է՝ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում»:
Այս մասին Ազգային ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին։
«Մենք կհետևենք իրադարձություններին ու ի գիտություն կընդունենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կայացրած որոշումները։ Ես չեմ կարծում, որ կա որևէ հանգամանք կամ պատճառ ակտիվացնել մեր մասնակցությունը կազմակերպությունում։
Դուք գիտեք, թե որոնք են այն խնդիրները, որ բերել է Հայաստանի կողմից անդամակցության սառեցմանը, այդ խնդիրները, ըստ էության, մինչև օրս չեն փոխվել։ Մենք չենք տեսել անգամ քաղաքական որևէ հայտարարություն, որը կդատապարտեր 2022-23թթ․ -ին տեղի ունեցածը ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ»,- ասել է նա:
Աղբյուր՝ armtimes.com
