Bankomat

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները

Լուրեր | 2026/08/25 07:01

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները

Սուրեն Սուրենյանցի վերլուծությունը հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորքային ճգնաժամ, իսկ երկկողմ կապերն այսօր գտնվում են աննախադեպ ցածր մակարդակի վրա»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ պնդումներին ու ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արձագանքին դրան։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի անմիջական արձագանքը Փաշինյանի ելույթին, քաղաքագետի գնահատմամբ, փաստում է երկու երկրների հարաբերություններում առկա լուրջ խնդիրների մասին։

«Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի «Արտաքին քաղաքականություն և անվտանգություն» բաժինը վկայում է Հայաստանը ռուսական ինտեգրացիոն նախագծերից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, հետևողականորեն դուրս բերելու ստրատեգիական կուրսի մասին»,- նշեց Սուրենյանցը։

Անդրադառնալով այն տեսակետներին, թե Ռուսաստանը վերջնականապես հեռանում է Հարավային Կովկասից, Սուրենյանցը դրանք որակեց հակագիտական։
«Արևելյան Եվրոպայում և ուկրաինական ճակատում մեծ ռեսուրսների կենտրոնացումը ժամանակավորապես նվազեցրել է ՌԴ ակտիվությունը տարածաշրջանում, սակայն պատմական փորձը, մասնավորապես 1918 թվականի կամ 1990-ականների սկզբի իրադարձությունները, ցույց են տալիս, որ նման աշխարհաքաղաքական նահանջներին անպայման հաջորդում է վերադարձը»,- նշեց քաղաքագետը։

Ստեղծված ճգնաժամը, ըստ Սուրենյանցի, սակայն, վնասներ է հասցնում երկու կողմերին էլ։

«Ռուսաստանը կրում է ռեպուտացիոն լուրջ կորուստներ և տարածաշրջանային ազդեցության թուլացում, իսկ Հայաստանի համար արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը կարող է հանգեցնել տնտեսության մինչև 20 տոկոսով կրճատման և անվտանգային անդառնալի հետևանքների»,- եզրափակեց Սուրենյանցը։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ