Հայաստանը նախատեսում է ԱՄԷ արտահանել մինչև 40 տոննա թարմ մրգեր և բանջարեղեն շաբաթական: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական նախարարության մամուլի ծառայությունը:
Արտահանման պայմանավորվածությունը հաստատվել է օգոստոսի 27-ին, երբ ՀՀ տնտեսական նախարար Գևորգ Պապոյանը և Watermelon Ecosystem ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմեդ Համդան Ալշամսին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Օմար Ալշամսին ներկայացրել է Watermelon Ecosystem-ի գործունեությունը, որը ԱՄԷ-ում միավորում է ռեստորաններ, մթերքի մատակարարներ, արտադրողներ և ֆերմերներ, առաջարկելով թվային լուծումներ գնումների և մատակարարման շղթաների կառավարման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և ներդրումների ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը:
Գևորգ Պապոյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում կատարված ներդրումները և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրական կարողությունները:
Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կտա կազմակերպել երկարաժամկետ և կայուն արտահանում թարմ մրգերի և բանջարեղենի:
Աղբյուր՝ finport.am
