
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հաստատել է «Սեյսմիկ անվտանգության բարելավում-3» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ կնքված վարկային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ $366 մլն։ Այդ գումարից շուրջ $73 մլն-ը կապահովի Հայաստանի կառավարությունը՝ համաֆինանսավորման ձևաչափով, իսկ $293 մլն-ը կտրամադրի ԱԶԲ-ն վարկի տեսքով։
Նախարարը նշել է, որ ծրագիրը վերաբերում է դպրոցների կառուցմանն ու ամրացմանը՝ դրանց սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելու նպատակով։ Նրա ներկայացմամբ՝ 30 դպրոցում աշխատանքներն արդեն ավարտվել են, ևս 16 դպրոցում դրանք ավարտման փուլում են։ Ծրագրով նախատեսվում է նաև սկսել ևս 50 դպրոցի շինարարություն։ Իրականացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։
Այս նախաձեռնությունը ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ մեկնարկել է 2016 թվականին։ Նախորդ փուլերով նախատեսվել էին 46 դպրոցների կառուցման և ամրացման աշխատանքներ՝ 20 հազար աշակերտի համար։
ԱԶԲ-ն և Հայաստանի կառավարությունը $293 մլն վարկային համաձայնագիրը ստորագրել են 2026 թվականի հուլիսի 17-ին։ Այդ ֆինանսավորումը բանկի կողմից դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակում տրամադրվող երրորդ վարկն է։ ԱԶԲ-ի տվյալներով՝ նոր փուլը ներառում է ևս 50 դպրոցի վերակառուցում։
ԱԶԲ-ի մասին տվյալների համաձայն՝ 2005 թվականից մինչև 2025 թվականի հոկտեմբերը բանկը Հայաստանին տրամադրել է ավելի քան $2 մլրդ աջակցություն՝ դառնալով երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ Այդ աջակցությունը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքային ենթակառուցվածքների ծրագրեր, իսկ մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցում է կոմունալ ծառայություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին ու ագրոբիզնեսին։
Աղբյուր՝ armbanks.am
