Bankomat

Հայ ծրագրավորողները փորձում են պարզեցնել ծրագրային արտադրանքի ստեղծումը

Լուրեր|2026/09/16 17:59
Հայ ծրագրավորողները փորձում են պարզեցնել ծրագրային արտադրանքի ստեղծումը

Modelence-ը ցանկանում է ավտոմատացնել այն տեխնիկական շերտը, որը սովորաբար կրկնվում է գրեթե բոլոր թվային նախագծերում։

Արհեստական բանականության գործիքները ծրագրերի և կայքերի նախատիպեր ստեղծելու շեմը կտրուկ իջեցրել են, սակայն իրական բիզնեսի համար դա դեռ բավարար չէ։ Արտադրական միջավայրում աշխատող թվային արտադրանքը պահանջում է տվյալների բազա, նույնականացում, ենթակառուցվածք, մոնիթորինգ, անվտանգություն և բեռնվածության աճին դիմակայելու կարողություն։ Հենց այս խնդրի լուծման վրա են կենտրոնացել հայ ինժեներներ Արամ Շաթախցյանը և Էդուարդ Պիլիպոսյանը՝ ստեղծելով Modelence հարթակը։

Ինչպես հաղորդում է PAN.am-ը, նախաձեռնության նպատակը պարզապես հերթական AI կայքաստեղծիչը դառնալը չէ։ Հիմնադիրները ցանկանում են վերացնել ծրագրային մշակման այն տեխնիկական շերտը, որը գրեթե բոլոր հավելվածներում կրկնվում է, բայց անմիջական կապ չունի տվյալ բիզնես գաղափարի հետ։ Նրանց պատկերացմամբ՝ և՛ տեխնիկական, և՛ ոչ տեխնիկական օգտատերերը պետք է կարողանան պարզապես նկարագրել, թե ինչ են ուզում, և ստանալ լիարժեք աշխատող կայք, վեբ հարթակ կամ բջջային հավելված՝ առանց կոդ գրելու։

Օլիմպիական անցյալից՝ ստարտափ

Modelence-ի պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ, քան բուն ընկերության ստեղծումը։ Արամ Շաթախցյանը ծրագրավորման հետ ծանոթացել է ընտանիքում․ նրա հայրը դեռ 1980-ականներից ծրագրային ինժեներ էր։ Շաթախցյանի խոսքով՝ 12 տարեկանում հայրը նրան սկսել է C++ սովորեցնել, իսկ տեսողական ծրագրավորման հետ ծանոթանալուց հետո ծրագրավորումը դարձավ նրա երկարաժամկետ հետաքրքրությունը։

Էդուարդ Պիլիպոսյանն էլ սովորել է «Շիրակացու ճեմարան»-ում, ապա՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, և դեռ դպրոցական տարիներից ներգրավված է եղել ինֆորմատիկայի օլիմպիադաներում։ Նրա խոսքով՝ այդ մրցույթները միավորում էին մրցակցային միջավայրը և ակադեմիական գիտելիքը՝ ալգեբրա, երկրաչափություն, ծրագրավորում և այլ ոլորտներ։

Սկզբում նրանք ոչ թե գործընկերներ, այլ մրցակիցներ էին․ Պիլիպոսյանը հանդես էր գալիս Ռուս-հայկական համալսարանի, իսկ Շաթախցյանը՝ Երևանի պետական համալսարանի թիմում։ Շաթախցյանը հիշում է, որ իր առաջին օլիմպիական փորձը ձախողվել էր, սակայն ինտենսիվ պատրաստությունից հետո նա ընդգրկվել է Մեքսիկայում անցկացված միջազգային օլիմպիադայի Հայաստանի հավաքականում, իսկ հաջորդ տարի գրավել է առաջին տեղը Հայաստանում և 2007 թվականի Խորվաթիայի միջազգային օլիմպիադայում նվաճել արծաթե մեդալ։

Երկուսն էլ հետագայում մասնակցել են նաև ICPC ուսանողական ծրագրավորման մրցույթին։ Նրանց համագործակցությունը սկսվել է այն ժամանակ, երբ բաց մրցաշարերից մեկում տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն են ունեցել նոր թիմ կազմել։ Այդ ձևաչափում Շաթախցյանն ու Պիլիպոսյանը, ևս մեկ մասնակցի հետ միասին, առաջին անգամ հաղթել են թիմային հաշվարկում՝ զգալի առավելությամբ զբաղեցնելով առաջին տեղը Հայաստանում։

Մրցակցությունից՝ համատեղ աշխատանքի

Շաթախցյանի խոսքով՝ հենց այդ մրցույթում պարզ դարձավ, որ անհատական բարձր արդյունքները դեռ չեն նշանակում ուժեղ թիմ։ Պիլիպոսյանն էլ նշում է, որ իրենց գիտելիքներն ու ուժեղ կողմերը տարբեր էին, և հենց դա է օգնել լրացնել միմյանց բացերը։ Այդ փորձը հետագայում տեղափոխվել է նաև բիզնես միջավայր։

Երբ Արամ Շաթախցյանը հիմնել է CodeSignal-ը, առաջին մարդկանցից մեկը, ում հրավիրել է միանալ, եղել է հենց Էդուարդ Պիլիպոսյանը։ Միասին աշխատելով տարբեր արտադրական համակարգերի ստեղծման և մասշտաբավորման վրա՝ նրանք նկատել են միևնույն խնդրի անընդհատ կրկնությունը․ անկախ նրանից՝ թիմը կառուցում է առցանց ուսուցման հարթակ, թե ավտոմեքենաների վաճառքի կայք, մշտապես առաջանում է նույն տեխնիկական աշխատանքների փաթեթը՝ տվյալների բազա, նույնականացում, տեղակայում, մոնիթորինգ, ենթակառուցվածք և կայունություն։

Շաթախցյանի ձևակերպմամբ՝ աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար արտադրական համակարգեր կառուցելու փորձը ցույց է տվել, որ նման հավելվածների հիմքում հաճախ նույն կառուցողական բլոկներն են։ Պիլիպոսյանն էլ հավելում է, որ այդ խնդիրները կապ չունեն բուն բիզնես տրամաբանության հետ, բայց ամեն նոր արտադրանքի դեպքում թիմերը կրկին անցնում են նույն ճանապարհով՝ վերջում ստանալով կայուն աշխատող համակարգ։ Այդ դիտարկումն էլ դարձել է Modelence-ի գաղափարական հիմքը։

Ինչ է առաջարկում Modelence-ը

Հարթակը նախատեսված է ինչպես կայքերի, այնպես էլ բջջային հավելվածների ստեղծման համար։ Հիմնադիրների պատկերացմամբ՝ օգտատերը պետք է կենտրոնանա միայն իր բիզնես խնդրի և ֆունկցիոնալության վրա՝ առանց մտահոգվելու, թե կայքը կդիմանա՞ 100 օգտատիրոջ, իսկ հետո՝ 10,000-ի։ Օրինակ, եթե բիզնեսը ցանկանում է ստեղծել առցանց ավտոսրահ՝ հայտարարություններով, ֆիլտրերով, կապի ձևերով և առաջարկների ուղարկման հնարավորությամբ, այդ ամենը պետք է հնարավոր լինի հավաքել նույն միջավայրում։

Պիլիպոսյանը այս մոտեցումը համեմատում է մեքենա վարելու հետ․ տասնամյակներ առաջ վարորդը հաճախ նաև մեխանիկ պետք է լիներ, մինչդեռ հիմա մեքենա վարելու համար պարտադիր չէ հասկանալ ներքին այրման շարժիչի կառուցվածքը։ Նույն տրամաբանությամբ, ըստ նրա, ժամանակակից բիզնեսը կարող է թվային արտադրանք ստեղծել՝ առանց նախկինում պարտադիր համարված ամբողջ տեխնիկական բարդության։

Նախատիպը դեռ արտադրանք չէ

Modelence-ի հիմնադիրները շեշտում են, որ AI գործիքները կարող են արագ ստեղծել տպավորիչ ինտերֆեյս կամ նախատիպ, բայց դա դեռ ավարտված արտադրանք չէ։ Տվյալների ճիշտ պահպանումը, համակարգի հուսալիությունը, խափանումների կառավարումը և աշխատանքի տեսանելիությունը շարունակում են առանցքային խնդիրներ մնալ։ Եթե, օրինակ, առցանց ուսուցման հարթակը խափանվի քննության ընթացքում, դա արդեն ոչ թե պարզապես տեխնիկական անհարմարություն է, այլ նաև օգտատիրոջ արդյունքների կորստի ռիսկ։

Շաթախցյանի խոսքով՝ Modelence-ը պետք է լինի և՛ կառուցման գործիք, և՛ արտադրական հարթակ՝ օգնելով ոչ միայն ստեղծել հավելվածը, այլև այն տեղակայել, շահագործել և մասշտաբավորել։ Նա նշում է, որ փորձառու օգտատերերը հաճախ հեռանում են ավանդական AI app builder-ներից և նախընտրում իրենց գործիքները՝ օրինակ Claude Code, Cursor կամ Codex, նաև այն պատճառով, որ նման հարթակների կրեդիտները ժամանակի ընթացքում թանկ են դառնում։ Նրա գնահատմամբ՝ Modelence-ի տարբերությունն այն է, որ հարթակը կենտրոնանում է ոչ թե կարճաժամկետ տպավորիչ նախատիպերի, այլ արտադրական կայուն աշխատանքի վրա։

Այսպիսով, Modelence-ը փորձում է լուծել այն խնդիրներից մեկը, որը հատկապես կարևոր է ստարտափների և թվային բիզնեսների համար՝ կրճատել ծրագրային արտադրանքի ստեղծման և գործարկման տեխնիկական բարդությունը՝ միաժամանակ ապահովելով մասշտաբավորում և հուսալիություն։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ