
Արհեստական բանականության արագ զարգացումը փոխում է ծրագրային ապահովման ստեղծման եղանակները․ այսօր գաղափարը նկարագրելով արդեն հնարավոր է ստանալ կայքի կամ հավելվածի առաջին տարբերակը։ Սակայն բիզնեսի համար պիտանի թվային արտադրանք ստեղծելը միայն ինտերֆեյս կառուցելը չէ։ Անհրաժեշտ են տվյալների բազա, նույնականացում, մոնիտորինգ, անվտանգություն, տարբեր ծառայությունների ինտեգրում և այնպիսի ենթակառուցվածք, որը կդիմանա օգտատերերի աճին։
Հենց այս խնդրի լուծման վրա են կենտրոնացել Արամ Շատախցյանն ու Էդուարդ Փիլիպոսյանը՝ ստեղծելով Modelence-ը։ PAN.am-ի փոխանցմամբ՝ նրանց նպատակը հերթական AI գործիքը ներկայացնելը չէ, այլ ծրագրերի ստեղծման այն տեխնիկական շերտի ավտոմատացումը, որը կրկնվում է գրեթե բոլոր նախագծերում և հաճախ կապ չունի բիզնես գաղափարի բուն տրամաբանության հետ։

Modelence-ը նախատեսված է այնպես, որ այն կարողանան օգտագործել ոչ միայն ծրագրավորողները, այլև ոչ տեխնիկական մասնագետները։ Հարթակի գաղափարն այն է, որ օգտատերը նկարագրի իր ուզած լուծումը, իսկ համակարգը օգնի ստեղծել լիարժեք աշխատող վեբկայք, վեբպլատֆորմ կամ բջջային հավելված՝ առանց կոդ գրելու խորքային գիտելիքի։
Օլիմպիադաներից մինչև ստարտափ
Նախագծի երկու համահիմնադիրներն էլ ծրագրավորման աշխարհ են մտել վաղ տարիքից և երկար ճանապարհ անցել ալգորիթմների, մաթեմատիկայի ու օլիմպիադաների միջով։ Արամ Շատախցյանը ծրագրավորմանը ծանոթացել է ընտանիքում․ նրա հայրը ծրագրային ապահովման ինժեներ էր և հենց նա է Արամին 12 տարեկանում սովորեցրել C++։ Սկզբնական դժվարություններից հետո ծրագրավորումը նրա համար դարձավ երկարաժամկետ զբաղմունք, իսկ հետագայում նա նաև հաջողություններ գրանցեց միջազգային օլիմպիադաներում՝ 2007 թվականին Խորվաթիայում անցկացված միջազգային օլիմպիադայում նվաճելով արծաթե մեդալ։
Էդուարդ Փիլիպոսյանն էլ սովորել է Շիրակացու ճեմարանում, ապա՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Դպրոցական և ուսանողական տարիներին նա ակտիվորեն մասնակցել է ինֆորմատիկայի և ծրագրավորման օլիմպիադաներին, ինչպես նաև ICPC-ին՝ ծրագրավորման միջազգային ուսանողական օլիմպիադային։
Սկզբում նրանք մրցակիցներ էին․ Էդուարդը ներկայացնում էր Սլավոնական համալսարանը, Արամը՝ Երևանի պետական համալսարանը։ Սակայն հետագայում բաց մրցույթներից մեկում նրանք միավորվեցին մեկ թիմում և հաղթեցին՝ մեծ տարբերությամբ առաջ անցնելով երկրորդ տեղից։ Այդ փորձը, նրանց գնահատմամբ, ցույց տվեց, որ նրանք կարող են արդյունավետ լրացնել միմյանց գիտելիքներն ու աշխատել որպես ուժեղ թիմ։
Այս համագործակցությունը շարունակվեց նաև բիզնեսում։ Երբ Արամը հիմնեց CodeSignal-ը, Էդուարդը դարձավ առաջին մարդկանցից մեկը, ում նա հրավիրեց թիմ։ Միասին աշխատելով և տարբեր արտադրական համակարգեր ստեղծելով՝ նրանք նկատեցին, որ գրեթե յուրաքանչյուր նոր թվային արտադրանք պահանջում է նույն տեխնիկական հիմքը՝ անկախ նրանից, թե ինչ խնդիր է լուծում տվյալ ծառայությունը։
Կրկնվող տեխնիկական խնդիրների ավտոմատացում
Համահիմնադիրների դիտարկմամբ՝ եթե նույնիսկ բիզնեսի տրամաբանությունը յուրաքանչյուր նախագծում տարբեր է, դրա տեխնիկական ենթակառուցվածքի զգալի մասը մշտապես նույնն է մնում։ Խոսքը տվյալների բազայի, նույնականացման, մոնիտորինգի, արտադրական միջավայրի, կայունության և մասշտաբավորման մասին է։ Modelence-ը հենց այս շերտն է փորձում վերցնել իր վրա, որպեսզի ընկերությունները կենտրոնանան իրենց ծառայության բովանդակության, ոչ թե կրկնվող ինժեներական աշխատանքի վրա։
Նրանց խոսքով՝ սա կարող է օգտակար լինել ցանկացած բիզնեսի համար, որն ունի նոր թվային գաղափար կամ ուզում է ավտոմատացնել որևէ գործընթաց։ Որպես օրինակ նրանք նշում են ավտոմեքենաների վաճառքի առցանց հարթակը, որտեղ պետք են մեքենաների ցուցակ, ֆիլտրեր, կապի գործիքներ և գնային առաջարկների ուղարկման հնարավորություն։ Modelence-ի միջոցով նման լուծումը հնարավոր է ստեղծել այնպես, որ հետագայում այն կարողանա սպասարկել ավելի մեծ ծավալի տվյալներ և ավելի շատ օգտատերեր։

Համահիմնադիրները շեշտում են, որ այսօր AI-ով կայքի նախատիպ ստեղծելը համեմատաբար հեշտ է, բայց գեղեցիկ ինտերֆեյսը դեռ պատրաստի արտադրանք չէ։ Եթե նախագիծը պետք է աշխատի իրական բիզնեսում, այն պետք է լինի հուսալի, անվտանգ և ընդլայնվող։ Modelence-ի գաղափարն այն է, որ այդ բարդ շերտը հնարավորինս ավտոմատացվի, որպեսզի ծրագրի ստեղծումը հասանելի դառնա ավելի լայն շրջանակի մարդկանց համար։
Այսպիսով, Modelence-ը դիրքավորվում է ոչ միայն որպես կոդ գեներացնող գործիք, այլ որպես հարթակ, որը փորձում է փոխել ծրագրային արտադրանքի ստեղծման ամբողջ գործընթացը՝ հատկապես այն մասում, որտեղ տեխնիկական բարդությունը հաճախ դանդաղեցնում է բիզնես գաղափարի իրականացումը։
Աղբյուր՝ b24.am
