Bankomat

Հարկային ծառայողները զինված մտել են Քոչարյաններին պատկանող ընկերություններ

Լուրեր | 2026/08/06 01:01

Հարկային ծառայողները զինված մտել են Քոչարյաններին պատկանող ընկերություններ

ՊԵԿ-ի զինված ծառայողները ստուգումներ են կատարել Քոչարյանների ձեռնարկություններում

Խորհրդարանական ընտրություններից օրեր անց Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները զինված մտել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ձեռնարկություններ ու ստուգումներ արել:

«Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, զինված հարկայինը, ՊԵԿ-ի չգիտեմ՝ որ ստորաբաժանումն է զենքերով, մտել են ամեն տեղ», - ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Պետական կառույցը հաղորդագրություն չի տարածել: Այսօր լրագրողներին պատմել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը. Նրա կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի արծաթյա զարդերի խանութներն էլ են ստուգել:

«Ոչ մի բան չեն կարող հայտնաբերել, որովհետև իսկապես չկա խախտում», - ասաց նա:

Ի՞նչ էր փնտրում ՊԵԿ-ը Քոչարյանների բիզնեսներում: Լրատվականից մեր հարցին չպատասխանեցին, հորդորեցին գրավոր դիմել:

Քննչական կոմիտեից ասացին, որ վարույթ չկա: Այսինքն ստուգումներից հետո այս պահի դրությամբ քրեական գործ չի հարուցվել:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդի ընտանիքին պատկանող բիզնեսները ինչո՞ւ են ստուգել արտակարգ ռեժիմով՝ զինված:

Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ ընտրություններին հաջորդած այդ գործողությունները վախեցնելու նպատակով են:

«Այս ամեն ինչը մենք այսպես չենք սրտաճմլիկ ներկայացնում, բայց հսկա ճնշում կա, իհարկե: Այսօր ընդդիմադիր լինելը, առավել ևս ընդդիմադիր պատգամավոր լինելն ինչ-որ արտոնություն չի, հաճույք չի»:

Ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ էլ քրեական վարույթ հարուցվեց՝ պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ