Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման ջանքերին, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը:
Նրա խոսքով, Հարավային Կովկասի զարգացումները անմիջական ազդեցություն են ունենում Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա:
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև եռակողմ պաշտպանական համաձայնագիրը չի ուղղված Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ:
«Ոչ մի ընդհանուր սպառնալիք չկա: Ոչ մի երկիր չի դառնա թիրախ, եթե այն սպառնալիք չներկայացնի համաձայնագիրը ստորագրած երկրների համար», - ասել է նախարարը:
Ֆիդանը նշել է, որ տեխնիկական տեսանկյունից համաձայնագիրը նման է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին: Նա վստահություն է հայտնել, որ Եգիպտոսը կարող է միանալ համագործակցությանը հաջորդ փուլում և չի բացառել Հարավային Կովկասի երկրների հետ նման համաձայնագրերի կնքումը:
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել Սպիտակ տանը, որտեղ մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը» Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ:
Աղբյուր՝ www.pan.am
