ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հազար 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Ինչպես տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ.Վ.-ն, Ա.Մ.-ն, Ս.Շ.-ն, Լ.Ե.-ն և Բ.Կ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն և որպես դրա անդամներ հավաքագրել Ա.Մ.-ին, Հ.Գ.-ին, Ա.Դ.-ին, Ս.Ա.-ին և Հ.Ս.-ին` Վրաստանի Հանրապետությունից օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերը շրջանցելով Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոցներ ապօրինի ներմուծելու և վաճառելու համար:
Հանցավոր կազմակերպության անդամները 2018-2020 թվականների ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ գնած Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իբր իրենց տրված կեղծ լիազորագրերի հիման վրա, 2023-2025 թվականների ընթացքում՝ տարբեր օրերի, կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներ:
Դրանից հետո հանցավոր կազմակերպության անդամները Վրաստանում գնել են հաշվառման վկայագրերում նշված մակնիշներին համապատասխանող տրանսպորտային միջոցներ, վրաց-հայկական և վրաց-ռուսական միջպետական սահմանների չեզոք գոտիներում պոկել տրանսպորտային միջոցների նույնականացման համարները:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Աղբյուր՝ www.1in.am
