Bankomat

Համաշխարհային բանկի խումբը զարգացող տնտեսությունների համար ռեկորդային մասնավոր կապիտալ է մոբիլիզացրել

Լուրեր|2026/09/17 17:56
Համաշխարհային բանկի խումբը զարգացող տնտեսությունների համար ռեկորդային մասնավոր կապիտալ է մոբիլիզացրել

2026 ֆինանսական տարում մոբիլիզացված մասնավոր կապիտալը հասել է 112 մլրդ դոլարի։

Համաշխարհային բանկի խումբը հայտարարել է, որ 2026 ֆինանսական տարում իր պատմության մեջ ամենամեծ ծավալի մասնավոր կապիտալն է մոբիլիզացրել զարգացող տնտեսությունների համար։ Միաժամանակ կառույցը թողարկել է նաև երաշխիքների ռեկորդային ծավալ՝ ընդլայնելով մասնավոր ներդրումների ներգրավումը իր սեփական ֆինանսավորման և փորձագիտական աջակցության հետ միասին։

Խմբի տվյալներով՝ վերջին չորս տարում մասնավոր կապիտալի մոբիլիզացման ծավալը ավելի քան եռապատկվել է՝ FY22-ի 35 մլրդ դոլարից հասնելով FY26-ի 112 մլրդ դոլարի։ Խմբի սեփական ֆինանսավորման հետ միասին զարգացող տնտեսություններում ընդհանուր ֆինանսավորումն ու մոբիլիզացիան FY26-ում գերազանցել են 200 մլրդ դոլարը։

Աճը գրանցվել է տարբեր եկամտային խմբերում։ Ստորին միջին եկամուտ ունեցող երկրներում մասնավոր կապիտալի մոբիլիզացումը աճել է 14 մլրդ դոլարից մինչև 37 մլրդ դոլար։ Վերին միջին եկամուտ ունեցող երկրներում այն բարձրացել է 12 մլրդ դոլարից մինչև 50 մլրդ դոլար։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում, որոնք մասնավոր կապիտալի համար համարվում են առավել բարդ շուկաներ, ցուցանիշը պահպանվել է մոտ 3 մլրդ դոլարի մակարդակում։ Աֆրիկայում այս ցուցանիշը աճել է մոտ 9 մլրդ դոլարից մինչև 22 մլրդ դոլար՝ գրեթե 150 տոկոսով։

Համաշխարհային բանկի խմբում նշում են, որ այս արդյունքները երեք տարվա ինստիտուցիոնալ փոփոխությունների հետևանք են։ Խումբը փորձել է ավելի արագ և պարզ աշխատել մասնավոր հատվածի հետ, ավելի սերտ կապել պետական և մասնավոր ուղղությունները և ներդրողների համար ընդլայնել հասանելի գործիքակազմը։ Յուրաքանչյուր երկրում ներդրվել է միասնական շփման կետ, իսկ երկրների համար մշակվել են ինտեգրված ռազմավարություններ՝ հիմնված տեղական կարիքների և զարգացման առաջնահերթությունների վրա։

Այս գործընթացին աջակցել է նաև Private Sector Investment Lab-ը, որը կենտրոնացել է զարգացող տնտեսություններում ներդրումները զսպող գործնական խոչընդոտների բացահայտման և դրանց լուծման ծրագրի մշակման վրա։ Խումբը շարունակել է բարելավել գործարար և կարգավորող միջավայրը, ընդլայնել երաշխիքներն ու տեղական արժույթով ֆինանսավորումը, արձագանքել արտարժույթի շուկայի խնդիրներին, մեծացնել կապիտալային գործիքների կիրառումը և ստեղծել նոր մեխանիզմներ, որոնց միջոցով ինստիտուցիոնալ ներդրողները կարող են մասնակցել ավելի լայն մասշտաբով։

FY26-ում Խումբը թողարկել է ավելի քան 25 մլրդ դոլարի երաշխիքներ՝ չորս տարի շուտ գերազանցելով 2030-ի համար սահմանված տարեկան 20 մլրդ դոլարի նպատակը։ Այս աճի հիմնական շարժիչը եղել է World Bank Group Guarantee Platform-ը։ 2024-ին ստեղծված այս հարթակը հաճախորդներին և ներդրողներին տրամադրում է երաշխիքային գործիքների ավելի պարզ և միասնական հասանելիություն ամբողջ կառույցի շրջանակում։

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ajay Banga-ն ասել է, որ երեք տարի առաջ բաժնետերերն ու հաճախորդները հստակ պահանջ էին ներկայացրել՝ ավելի արդյունավետ օգտագործել Խմբի ֆինանսավորումն ու գիտելիքը, որպեսզի հնարավոր լինի մոբիլիզացնել ավելի մեծ մասնավոր կապիտալ և դառնալ մասնավոր հատվածի ավելի լավ գործընկեր։ Նրա խոսքով՝ աշխատանքի ձևափոխման արդյունքում այս տարի մոբիլիզացվել է 112 մլրդ դոլար, ինչը ավելի քան երեք անգամ գերազանցում է մեկնարկային մակարդակը։ Նա ընդգծել է, որ այս ցուցանիշը կարևոր է միայն այն դեպքում, եթե կապիտալը ուղղվում է այնտեղ, որտեղ կարող է ստեղծել հնարավորություններ և աշխատատեղեր։

Աշխատատեղերի ստեղծումը Խմբի հիմնական առաջնահերթություններից է։ Զարգացող տնտեսություններում առաջիկա 10-15 տարիներին աշխատունակ տարիքին կհասնի 1.2 միլիարդ երիտասարդ, մինչդեռ կանխատեսվում է, որ կստեղծվի միայն մոտ 420 միլիոն աշխատատեղ։ Այս տնտեսություններում յուրաքանչյուր 10 աշխատատեղից 9-ը ստեղծվում է մասնավոր հատվածի կողմից։

Խմբի աշխատատեղերի ռազմավարությունը կառուցված է երեք փոխլրացնող ուղղությունների վրա՝ ներդրումներ մարդկային և ֆիզիկական ենթակառուցվածքներում, բիզնեսի համար պատրաստ կարգավորող միջավայրի ձևավորում և մասնավոր հատվածի մասշտաբավորման աջակցություն։ Ռազմավարությունը կենտրոնացած է աշխատատեղեր ստեղծող հինգ ոլորտի վրա՝ ենթակառուցվածքներ և էներգետիկա, ագրոբիզնես, առողջապահություն, տուրիզմ և ավելացված արժեք ստեղծող արտադրություն։

FY26-ում ընդհանուր ֆինանսավորման 55 տոկոսը՝ ներառյալ ինչպես Խմբի սեփական միջոցները, այնպես էլ մոբիլիզացված կապիտալը, ուղղվել է հենց այս ոլորտներին։ Խմբում նշում են, որ մասնավոր ներդրումները կենտրոնացած չեն միայն առավել հասանելի շուկաներում, այլ գնալով ավելի նկատելիորեն ուղղվում են նաև ավելի ցածր եկամուտ ունեցող տնտեսություններ, որտեղ գլոբալ կապիտալին ավելի հաճախ միանում են տարածաշրջանային և տեղական ներդրողները։

Հաջորդ փուլում Համբաշխարհային բանկի խումբը փորձում է ընդլայնել ներդրողների շրջանակը։ Originate-to-distribute (O2D) մոտեցման միջոցով կառույցը մշակում է ներդրումների փաթեթավորման և ինստիտուցիոնալ ներդրողներին ավելի մեծ ծավալով բաշխման նոր եղանակներ՝ համադրելով համաշխարհային երկարաժամկետ կապիտալի պաշարները զարգացող տնտեսությունների հնարավորությունների հետ։

Խմբի հայտարարության համաձայն՝ նպատակը պարզ է՝ մոբիլիզացնել ավելի մեծ կապիտալ, ավելի շատ աղբյուրներից, և այն ավելի արդյունավետ ուղղել աշխատատեղերի ու տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ