Bankomat

Գյումրի-Կարս երկաթգծի նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվել

Լուրեր | 2026/08/18 03:02

Գյումրի-Կարս երկաթգծի նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվել

Նախագծման աշխատանքների մրցույթը կանցկացվի միջազգային մակարդակով

Գյումրի-Կարս երկաթգծի կառուցման համար նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվել, այսօր Գյումրիում հայտարարեց տարածքային կառավարման նախարարը: Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ նախագծի հաստատմանը կհաջորդի բուն շինարարությունը:

«Ախուրիկի հատվածի մասով նախագծման աշխատանքների մրցութային գործընթաց ենք հայտարարել, և էդ տրամաբանության մեջ շարունակում ենք էս պահին մեր աշխատանքները», - ասաց նախարարը՝ հավելելով. - «Օրենքով սահմանված կարգով՝ եթե մրցույթում հաղթող կազմակերպություններ ունենանք, հնարավորինս արագ ժամկետում նախ կանցնենք նախագծման փուլին, հետո նաև արդեն՝ շինարարական աշխատանքների մրցույթի և բուն շինարարության փուլին»:

Անցած ամիս Շիրակին սահմանակից Աքյաքայի քաղաքապետը «Ազատությանն» ասել էր, թե այս պահին շինարարություն է ընթանում Աքյաքա-Գյումրի երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնման համար, որը, պաշտոնյայի գնահատմամբ, կավարտեն երկու-երեք ամսից։ Կարս նահանգում գտնվող քաղաքի քաղաքապետը նաև ասել էր, թե արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման համար:

Հայկական կողմում դեռ շինաշխատանքների մեկնարկի ժամկետից չեն խոսում. Դավիթ Խուդաթյանն այսօր միայն ասաց՝ երկաթուղու նախագծման և շինարարի մրցույթները լինելու են միջազգային:

«Նախագծման աշխատանքների մասով միջազգային մրցույթ է հայտարարվել՝ բնականաբար հաշվի առնելով, որ հայաստանյան նախագծող և հայաստանյան կառուցող ընկերությունները էս մասշտաբի աշխատանքներ իրականացնելու փորձ չունեն, ինչպես կամուրջների դեպքում, ինչպես թունելների դեպքում՝ երկաթուղու դեպքում էլ մենք գնում ենք սովորաբար միջազգային մրցույթներ իրականացնելու ճանապարհով: Էս դեպքում, այո, միջազգային մրցույթ է հայտարարվել», - նշեց նախարարը:

Գյումրի-Կարս երկաթգծի հայկական կողմի 21 կիլոմետրանոց հատվածի շինարարության համար, նախնական հաշվարկով, 15 միլիոն դոլար կպահանջվի:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ