Bankomat

Գնաճի բեռը փաթաթվում է ամենախոցելի քաղաքացու վզին. Տնտեսագետ

Լուրեր | 2026/08/09 12:01

Գնաճի բեռը փաթաթվում է ամենախոցելի քաղաքացու վզին. Տնտեսագետ

Տնտեսագետը նշում է, որ թոշակները չեն աճում, մինչդեռ գները բարձրանում են

«Այսօր մեր տարեցները կանգնած են մի իրականության առջև, որտեղ գներն աճում են ամեն օր, իսկ թոշակները տեղում դոփում են տարիներով։ Գնաճի եռամսյակային ինդեքսավորումից հրաժարվելն ու դա «բյուջետային ռիսկերով» կամ «վարչարարական բարդությամբ» արդարացնելը պետական ապաշնորհության և սոցիալական անտարբերության գագաթնակետն է»,-գրում է տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանը։

1. Գնաճի բեռը փաթաթվում է ամենախոցելի քաղաքացու վզին

Երբ խանութներում սննդամթերքի, դեղորայքի և կոմունալ ծառայությունների գները թռիչքաձև աճում են առաջին իսկ եռամսյակում, թոշակառուից պահանջվում է «սպասել» մինչև տարեվերջ կամ անորոշ ապագա՝ հույս ունենալով, որ պետությունը մի գրոշով կբարձրացնի իր եկամուտը։ Ի՞նչ է սա, եթե ոչ տարեցների հաշվին բյուջետային ճեղքվածքները փակելու արատավոր փորձ։

2. Բյուջեի եկամուտներն աճում են անմիջապես, իսկ թոշակները՝ ոչ

Սա տնտեսագիտական բացահայտ մանիպուլյացիա է։ Ապրանքների թանկացման հետ մեկտեղ պետությունը հենց նույն պահին ստանում է ավելի շատ ԱԱՀ և անուղղակի հարկեր։ Պետական բյուջեն գնաճից շահում է անմիջապես, իսկ թոշակառուին ասում են, թե «եռամսյակային վերահաշվարկ անելը բարդ է»։ Այսինքն՝ հարկերը հավաքելիս տեխնիկական բարդություն չկա, իսկ թոշակառուի հասանելիքը տալիս՝ համակարգը «ծանրաբեռնվում է»։

3. «Տարեկան ինդեքսավորման» կեղծիքը

Տարին մեկ անգամ կատարվող չնչին վերանայումը չի փոխհատուցում տարվա ընթացքում թոշակառուի կրած կորուստները։ Տարվա առաջին ամիսներին տեղի ունեցած գնաճը փաստացի փոշիացնում է թոշակի գնողունակությունը, և մինչև տարեվերջ տարեց մարդը պարզապես հայտնվում է գոյատևման եզրին։

Եզրակացություն

Եթե պետությունը ունակ է օպերատիվորեն փոխել հարկային դրույքաչափերը կամ ֆինանսավորել ապարդյուն ծրագրեր, ապա պարտավոր է գտնել նաև եռամսյակային ինդեքսավորման տեխնիկական ու ֆինանսական լուծումները։ Թոշակի եռամսյակային ինդեքսավորումը լյուքս չէ և բարեգործություն չէ․ դա տարեցների գնողունակությունը օրվա գնաճից պաշտպանելու նվազագույն պարտավորությունն է, որից պետությունն այսօր անպատասխանատու կերպով խուսափում է։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ