Գերմանիայում և Ավստրիայում խուզարկություններ են իրականացվել երկու ձեռնարկատերերի տներում և գրասենյակներում, որոնք կասկածվում են ԵՄ պատժամիջոցները շրջանցելով Ռուսաստան ավտոմեքենաներ մատակարարելու մեջ։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի Կայզերսլաուտերնի դատախազությունը։
Քննությունը համատեղ վարում են Գերմանիայի, Ավստրիայի և Բելգիայի իշխանությունները։ Հետաքննիչների տվյալներով՝ 2022 թվականի աշնանից մինչև 2024 թվականի վերջը երկու գործարարներ Ռուսաստան են արտահանել 53 մարդատար մեքենա և 6 բեռնատար՝ շրջանցելով գործող սահմանափակումները։
Քննության վարկածով՝ անօրինական արտահանումը քողարկելու համար տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հարևան երկրներով, այդ թվում՝ Բելառուսով, Ղրղզստանով և Վրաստանով։ Խուզարկությունները տեղի են ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և Գերմանիայի Նոյշտադտ ան դեր Վայնշտրասե քաղաքում։
Դատախազության պահանջով Կայզերսլաուտերնի դատարանը առգրավել է մոտ 7 միլիոն եվրո արժողությամբ գույք։ Նոյշտադտում առգրավվել են երկու Porsche և մեկ Mercedes-Benz, Վիեննայում՝ 85,000 եվրո կանխիկ գումար, իսկ Գերմանիայում, Ավստրիայում և Բելգիայում՝ 278,000 եվրո բանկային հաշիվներ։ Նոյշտադտից մեկ գործարարի մոտ նաև հայտնաբերվել և առգրավվել են երեք որսորդական հրացաններ և փամփուշտներ՝ զենքի մասին օրենքների հնարավոր խախտման պատճառով։
ԵՄ-ն 2022 թվականի մարտին արգելել էր Ռուսաստան արտահանել 50,000 եվրոյից ավելի արժողությամբ մեքենաներ, իսկ 2023 թվականի հունիսին արգելքը տարածվել էր նաև էլեկտրական և հիբրիդային մեքենաների վրա։ Այնուամենայնիվ, շքեղ ավտոմեքենաների ներկրումը Ռուսաստան շարունակվել է։ 2026 թվականի սկզբին TriTrace Investigations-ը հայտնել էր, որ 2022 թվականի մարտից ի վեր պատժամիջոցների շրջանցմամբ Ռուսաստան է ներմուծվել Bentley, Ferrari, Lamborghini, Maserati և Rolls-Royce մակնիշի առնվազն 214 ավտոմեքենա՝ 5.9 միլիարդ ռուբլիից ավելի քան 75 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։
Այդ տվյալներով՝ մեքենաները հիմնականում Ռուսաստան են հասել Բելառուսի, Թուրքիայի, Ղազախստանի, Իտալիայի և Հայաստանի միջոցով։ Ներմուծումների կեսից ավելին իրականացվել է ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջոցով։

Աղբյուր՝ www.azatutyun.am
