Bankomat

«Ֆլայուան Հայաստանի» մոլդովացի տերերի գլխին սեւ ամպեր են կուտակվել

Լուրեր | 2026/08/20 04:01

«Ֆլայուան Հայաստանի» մոլդովացի տերերի գլխին սեւ ամպեր են կուտակվել

Մոլդովական Fly One ավիաընկերության սեփականատերերին ստիպում են փոխել իրենց կազմը

Սեւ ամպեր են կուտակվել մոլդովական Fly One ավիաընկերության գլխին, որը հայկական «Ֆլայուան Հայաստան» ավիաընկերության 46 %-ի փայատերն է: Մոլդովական փոխադրողին ստիպում են փոխել իր սեփականատերերին:

Հիշեցնենք, որ «Ֆլայուան Հայաստանը» հիմնադրվել է 2021-ի մարտին, իսկ թռիչքները մեկնակել է նույն տարվա դեկտեմբերից: Փոխադրողի 46 %-ն ի սկզբանե պատկանել է մոլդովական Fly One-ին, իսկ մնացած 54 %-ին տիրապետել են ԱԺ իշխանական նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի շրջապատի մարդիկ: Ներկայում նախկին պաշտոնյայի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանն է «Ֆլայուան Հայաստանի» 50 %-ի սեփականատերը, իսկ մնացած 4 %-ը պատկանում է ավիաընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին:

Նկատենք, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ – կոմերցիոն գործունեության իրավունք տվող հիմնարար փաստաթուղթ է քաղաքացիական ավիացիայում) ունեցող ավիաընկերության առնվազն 51 %-ը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց:

Ովքե՞ր են Fly One-ի տերերը

Մոլդովական Fly One ավիաընկերությունը հիմնադրվել է 2015-ի սեպտեմբերին եւ մոլդովական քաղավիացիոն իշխանությունների կողմից ՕՇՎ ստացել 2016-ի մարտին: Fly One-ը ունի դուստր ավիաընկերություններ Հայաստանում, Ռումինիայում, Ուզբեկստանում:

Դրա 40 %-ը պատկանում է Մոլդովայի արդարադատության նախկին նախարար Վլադիմիր Չեբոտարի կնոջը, իսկ 10 %-ը՝ նախկին պաշտոնյայի քրոջը:

Վ. Չեբոտարը 2006-2011 թթ. աշխատել է Մոլդովայի ազգային ավիափոխադրող Air Moldova-ում, 2011-2013 թթ. ղեկավարել է Մոլդովայի քաղավիացիայի գերատեսչությունը:

Fly One-ի մնացած 50 %-ը պատկանում է Մոլդովայի քաղավիացիայի գերատեսչության նախկին ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին:

Ի՞նչ խնդրի առաջ է կանգնել Fly One-ը

Այս տարվա հունիսին հայտնի է դարձել, որ Մոլդովայի պետական անվտանգության համար կարեւորություն ունեցող ներդրումների ուսումնասիրման խորհուրդը (CEIISS) որոշում է կայացրել Fly One-ի վերահսկողության փոփոխություն կատարելու մասին:

Խորհուրդը բազմիցս տեղեկատվություն եւ փաստաթղթեր է պահանջել Fly One-ի եւ «Ֆլայուան Հայաստանի» միջեւ ֆինանսական գործարքների, ներդրումային կառուցվածքի եւ շահառու սեփականատերերի մասին:

Fly One-ը շարունակում է իրականացնել կանոնավոր չվերթեր եւ կատարել իր պարտավորությունները ուղեւորների, գործընկերների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:

Ի՞նչ կապ ունի օլիգարխ Պլախոտնյուկը

Մոլդովական լրատվամիջոցներն անմիջապես հիշել են օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին, որի մերձավոր շրջապատից էր Վլադիմիր Չեբոտարը:

Պլախոտնյուկը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի պատժամիջոցների տակ:

Մոլդովայի դատարանը 2026-ի ապրիլին 19 տարվա ազատազրկման դատապարտեց Վ. Պլախոտնյուկին՝ նրան մեղավոր ճանաչելով հանցավոր խմբավորում ղեկավարելու, փողերի լվացման ու խարդախության մեջ:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ