«Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցություն ծավալելու՝ Հայաստանի պատրաստակամությունը կասկածի տեղիք է տալիս», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Առայժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մեր հարաբերությունները որպես միակողմանի երթևեկությամբ ճանապարհ է ընկալում։ Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ հայկական կողմն ավելի հավասարակշռված և իրատեսական մոտեցում կցուցաբերի», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Երևանում հրաժարվում են Մոսկվայի հետ բացառիկ հարաբերություններից, որոնք իբր խանգարում են այլընտրանքային վեկտորների ընտրությանը։ Դրա փոխարեն երկրի բնակչությանը Արևմուտքի հետ դաշնակցային համագործակցության մասին բազմաթիվ հռչակագրեր են հրամցնում», - նշել է Ֆադեևը։
«Նման աղմկոտ ազդարարումներ հնչեցնելուց առաջ լավ կլիներ ծանոթանալ հայ-ռուսական հարաբերությունների իրավական բազայի հետ, որտեղ հստակորեն նշված է, թե ով, ում և որքան է պարտք», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Ալեքսեյ Ֆադեևի խոսքով՝ Մոսկվային դուր չեն գալիս նաև «Երևանի և Կիևի վարչակազմի ցուցադրական սիրահետումները»։
«Եթե Երևանում ցանկանում են հասնել նրան, որ իրենց շահերը հաշվի առնվեն, այդ դեպքում Մոսկվայի մոտ ինչո՞ւ պետք է նույնատիպ հարցադրումներ ի հայտ չգան՝ ուղղված հայ գործընկերներին», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրենը։
Վերջին ամիսներին Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների համար: Տնտեսական պատժամիջոցների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ էր պնդել՝ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի որոշելու՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ուղով է գնում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե ժողովրդական քվեարկությանը բանը կհասնի, միայն երբ Երևանը Եվրամիությանը անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնի:
Աղբյուր՝ www.azatutyun.am
