Երկաթուղու շուրջ Երևան-Մոսկվա հեռակա բանավեճը շարունակվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու առաջարկին հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փաստորեն կշտամբելով Հայաստանի ղեկավարին, որ նման հարցերը ոչ թե ուղղակի Ռուսաստանի հետ են քննարկում, այլ հրապարակային հայտարարություններ են անում:
«Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը, որը Ռուսական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման ներքո է։ Եվ մենք զարմանքով լսում ենք, թե ինչպես են այս հարցերի մասով, դե եթե դրանք արդեն իսկ առաջացել են, նախապես սեփական գործընկերոջը դիմելու փոխարեն հրապարակային հայտարարություններ արվում այն մասին, որ՝ «մենք կվերցնենք», «դա ընդհանրապես մերն է», և «մեզ 2 միլիարդ են պարտք»», - ասել է Լավրովը:
Ռազմավարական նշանակության ընկերությունը հետ վերցնելու և այլ երկրի փոխանցելու մասին Փաշինյանն առաջին անգամ խոսեց այս տարեսկզբին: Մոսկվան կտրուկ մերժեց կառավարման փոխանցումը, հայտարարելով, որ եթե նման բան տեղի ունենա, ապա Հայաստանը ստիպված կլինի վերադարձնել ռուսական բոլոր ներդրումները, որոնք մոտ 400 միլիոն դոլար են:
Արձագանքելով՝ Փաշինյանը նշեց, որ Երևանը հաստատակամ է, սեփական երկաթուղիները տնօրինելու հարցում այլընտրանք չի տեսնում, իսկ ներդրումները վերադարձնելու մասով վարչապետն ակնարկեց, որ եթե Մոսկվան այս պահանջը պնդի, հնարավոր է, որ «Հայաստանի կողմից անվճար տրամադրվող որոշ բաների համար էլ Հայաստանը սկսի տարեկան 2 միլիարդ դոլար ուզել»: Թե ինչի համար կարող է Հայաստանը 2 միլիարդ դոլար վարձավճար պահանջել, Փաշինյանը փակագծերը չբացեց:
Հայկական երկաթուղին ռուսական կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարին՝ 30 տարով, պայմանագիրը ավարտվելու է 2038-ին, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք հնարավոր կլինի՞ մինչ այդ երրորդ երկրի տալ երկաթուղիների կառավարումը կամ վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
