ԵՄ խորհուրդը այսօր հավանություն է տվել Հայաստանի համար ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures) կիրառելու և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը մաքսատուրքերից ազատելու օրենսդրական նախաձեռնությանը:
ԵՄ-ն նախատեսում է երկու տարով կասեցնել ներմուծման մաքսատուրքերի գանձումը հայաստանյան արտադրանքի լայն շրջանակի նկատմամբ, ներառյալ՝ սակագնային քվոտաների ենթակա առանձին գյուղատնտեսական ապրանքների համար:
«Այսօր ընդունված որոշումը հստակ ուղերձ է․ տնտեսական ճնշմանը Եվրոպական միությունը կարձագանքի։ Մենք կշարունակենք նոր հնարավորություններ ստեղծել և հաստատակամորեն կանգնել մեր գործընկերների կողքին»,-որոշումը մեկնաբանել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մքէնթին:
Այս օրենսդրական նախաձեռնությունը հավանություն է ստացել առանց որևէ փոփոխության։ Սա նշանակում է, որ այն վերջնականապես կհաստատվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի վերջ, երբ Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում կքվեարկի նախաձեռնության օգտին:
Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը նույնպես այս որոշումը առանց փոփոխությունների կընդունի:
Ըստ օրենսդրական նախաձեռնության փաստաթղթերի, ցուցակում կներառվի Հայաստանից Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ը, ինչպես նաև՝ խմիչքների և սպիրտային ըմպելիքների ավելի քան 91%-ը:
Նախաձեռնության երկու հավելվածներում մանրամասն ներկայացված է մաքսատուրքերից ազատվելիք ապրանքների ցանկը:
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, երբ Ռուսաստանն արգելեց Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծումը:
Կարևոր է նշել, որ մաքսատուրքերի չեղարկումը դեռևս չի նշանակում որակի ստանդարտների չեղարկում:
Հայաստանի արտահանողները պարտավոր կլինեն ներկայացնել ԵՄ արտահանվող ապրանքների ծագման փաստաթղթերը և պահպանել բուսասանիտարական խիստ կանոնները (լաբորատոր կանոններ, ապրանքների սերտիֆիկացիա և այլն):
ԵՄ գյուղմթերք կկարողանան արտահանել միայն այն ընկերությունները, որոնք ունեն պատշաճ որակ ապահովելու և վերահսկելու կարողություններ։ Դրանցից ոմանք Եվրամիության տարբեր ծրագրերով արդիականացրել են իրենց արտադրանքն ու համապատասխանեցրել Եվրամիության պահանջներին:
Աղբյուր՝ hetq.am
