Bankomat

ԵՄ-ն Չինաստանից պահանջում է սահմանափակել հիբրիդային ավտոմեքենաների արտահանումը

Լուրեր|2026/09/17 18:46
ԵՄ-ն Չինաստանից պահանջում է սահմանափակել հիբրիդային ավտոմեքենաների արտահանումը

Բրյուսելը ցանկանում է չինական հիբրիդների մասնաբաժինը եվրոպական շուկայում իջեցնել մինչև 15%։

Եվրամիությունը Չինաստանին կոչ է արել կամավոր սահմանափակել հիբրիդային ավտոմեքենաների մատակարարումները եվրոպական շուկա՝ նպատակ ունենալով դրանց մասնաբաժինը հասցնել մոտ 15%-ի։ Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Financial Times-ը։

Բրյուսելում դժգոհ են, որ չինական արտադրության հիբրիդների ներկայությունը ԵՄ շուկայում արդեն անցել է մեկ երրորդից։ Թերթի զրուցակիցների խոսքով՝ եվրոպական ավտոարտադրողները ստիպված են զանգվածաբար կրճատել աշխատատեղերը, քանի որ շուկան արագ լցվում է Չինաստանից ներմուծվող ավելի էժան մոդելներով։

Ներկայում այս կատեգորիայի մեքենաների ներմուծման համար ԵՄ մաքսատուրքը 10% է։ Սակայն 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսը չինական հիբրիդների ներմուծումը, FT-ի տվյալներով, աճել է 10 անգամ՝ ամսական 3.8 հազարից հասնելով 50 հազարի։ Միևնույն ժամանակ, այդ մեքենաների միջին գինը նվազել է։

Պարբերականի փոխանցմամբ՝ եվրոպացի պաշտոնյաներից մեկը զգուշացրել է, որ եթե չինական կողմը ինքնակամ չսահմանափակի արտահանումը, ԵՄ-ն կարող է դա անել սեփական միջոցներով։ Բրյուսելի նպատակը, աղբյուրների գնահատմամբ, ավելի լայն առևտրային բախումից խուսափելն է։

Բացի ավտոմեքենաներից, Եվրամիությունը Չինաստանին առաջարկել է «զսպվածություն ցուցաբերել» նաև այլ ապրանքների, այդ թվում՝ քիմիական արտադրանքի մատակարարումների հարցում։ Միաժամանակ ԵՄ-ն ցանկանում է, որ Չինաստանն ավելացնի եվրոպական արտահանվող ապրանքների գնումները։

Financial Times-ը հիշեցնում է, որ 2024 թվականի հոկտեմբերին Բրյուսելը մինչև 45% մաքսատուրքեր սահմանեց չինական էլեկտրամոբիլների նկատմամբ։ Չինաստանը պատասխան քայլով մաքսատուրքեր սահմանեց Եվրամիությունից կոնյակի, մսի և կաթնամթերքի արտահանման վրա։

Սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրային դեֆիցիտը հասնում է օրական 1 մլրդ եվրոյի։ Նրա գնահատմամբ՝ իրավիճակը հասել է կրիտիկական կետի և կարող է դիտարկվել որպես «չինական երկրորդ շոկի» սկիզբ։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ