ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև հաջորդ տարվա վերջ 45 երկրներում՝ մոտ 50 միլիոն մարդ, կհայտնվի սուր սովի մեջ՝ արագ զարգացող Էլ Նինյո եղանակային համակարգի պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Միլիոնավոր մարդիկ, որոնք արդեն իսկ բախվում են սովի՝ Աֆրիկայի որոշ մասերում տարիներ շարունակ տևած երաշտի և Իրանի պատերազմից առաջացած սննդամթերքի գների վրա ճնշման պատճառով։
Վերլուծության համաձայն՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկան, Կարիբյան ավազանը և Հարավային Աֆրիկան, հավանաբար, ամենաշատը կտուժեն։ Հարավային և Հարավարևելյան Ասիայում, հավանաբար, սովորականից քիչ տեղումներ կլինեն, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի գյուղատնտեսության և ֆերմերների համար: Այս տարվա Էլ Նինյոն՝ եղանակային համակարգ, որը զարգանում է Խաղաղ օվկիանոսում մի քանի տարին մեկ և փոփոխություններ է մտցնում ամբողջ աշխարհում տեղումների օրինաչափություններում, համարվում է ամենաուժեղը վերջին առնվազն 70 տարվա ընթացքում:
Այս տարվա սկզբին մասնագետները նշել էին, որ ուժեղ Էլ Նինյոն կարող է զուգորդվել գլոբալ տաքացման հետ՝ արձանագրելով գրանցված ամենատաք տարին կամ այս տարի, կամ, ավելի հավանական է, 2027 թվականին:
Նշենք, որ 2015-16 թվականների Էլ Նինյոյի ժամանակ մոտ 60 միլիոնից 100 միլիոն մարդ տուժել էր սննդային անապահովությունից։
Գիտնականները կանխատեսում են, որ Խաղաղ օվկիանոսում զարգացող Էլ-Նինյոն կդառնա գրանցված ամենաուժեղներից մեկը։ Այնուամենայնիվ, կլիմայագետները նաև սկսել են քննարկել Ատլանտյան օվկիանոսում անսովոր երևույթի՝ Ատլանտյան Լա-Նինյայի հնարավոր ձևավորումը։
Մայամիի համալսարանի (ԱՄՆ) օվկիանոսագիտության ամբիոնի գիտնականները կարծում են, որ դեռ վաղ է Ատլանտյան Լա-Նինյան կայացած փաստ հայտարարել։ Այնուամենայնիվ, Ատլանտյան օվկիանոսի որոշ շրջաններում հետազոտողներն արդեն գրանցել են անբնական ցածր ջերմաստիճաններ և բարձր են գնահատել Ատլանտյան Լա-Նինյայի ձևավորման հավանականությունը։
Խաղաղօվկիանոսյան Լա-Նինյան ազդում է աշխարհի բազմաթիվ տարածաշրջանների կլիմայի վրա, մինչդեռ Ատլանտյան Լա-Նինյայի ազդեցությունն ավելի տեղային է։ Արևմտյան Աֆրիկայում և Սահելի շրջանում սպասվում է տեղումների ավելացում։ Բրազիլիայի հյուսիս-արևելքում, հակառակը, տեղումները կարող են նվազել։
Կաբո Վերդեի շրջանում կարող է նվազել արևադարձային ցիկլոնների ակտիվությունը, ինչը կարող է անուղղակի ազդեցություն ունենալ նաև Ատլանտյան փոթորիկների սեզոնի վրա։ Գիտնականները ներկայումս Ատլանտյան Լա-Նինյան դիտարկում են որպես հնարավոր սցենարներից միայն մեկը։ Միևնույն ժամանակ, Խաղաղօվկիանոսյան Էլ-Նինյոն արդեն զարգանում է։ Կլիմայագետները կանխատեսում են, որ այս երևույթն ավելի կսրվի։ Հետազոտողները չեն բացառում այն հավանականությունը, որ այս տարվա երևույթը կարող է դասվել դիտարկումների պատմության մեջ ամենախոշորների շարքին։
Աղբյուր՝ panorama.am
