Bankomat

Դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքն ի՞նչ ռիսկեր է պարունակում

Լուրեր | 2026/08/05 00:03

Դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքն ի՞նչ ռիսկեր է պարունակում

Հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքի սոցիալական և տնտեսական ազդեցությունները

Դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքն ի՞նչ ռիսկեր է պարունակում, հնարավո՞ր է, որ առաջիկայում հազարավոր մարդիկ հնարավորություն չունենան իրենց վերցրած վարկերը մարել այն պատճառով, որ չեն կարողացել իրենց արտադրանքը իրացնել:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն այսօր ասուլիսի ընթացքում ասաց՝ բանկային ոլորտի կայունության վրա այս իրավիճակը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա, բայց մարդկանց սոցիալական վիճակի վրա, հավանաբար, ազդեցություն կլինի:

«Բանկերը կապիտալացված են, ֆինանսական հատվածի կայունության տեսանկյունից ռիսկ չենք տեսնում։ Ավելի շատ ռիսկ ենք տեսնում սոցիալական, որովհետև ծավալային, դա շատ մեծ գումար չի, անկեղծ լինենք, այդ մեկ-երկու տոկոս, որ ասում ենք ՀՆԱ-ի մեջ, ծավալային հարց չի։ Բանը նրանում է, որ բազմահազարանոց, տասնյակ հազար տնտեսվարողներ, գյուղացիական տնտեսություններ են այդտեղ զբաղված»,- ըստ Խաչատրյանի՝ բանկերն արդեն իսկ տուժած ոլորտների համար խաղի կանոններում փոփոխություններ արել են. արտոնյալ ժամկետներ են սահմանել և հնարավորություն վարկի մարումը վերակառուցելու:

Գյուղատնտեսական վարկերը հիմա 400 միլիարդ դրամի չափ են, մոտ 8 տոկոսն արդեն դիմել են՝ վերաձևակերպելու մարումները:

«Մենք վիճակագրություն ունենք ընթացիկ, որ 30 միլիարդ դրամից ավել արդեն վարկեր վերաձևակերպվել են, մի մասը դեռ չեն դիմել։ Մենք մեր վերաբերմունքը ցույց ենք տալիս ինչով, որ կարգավորումների մեջ մենք նախատեսում ենք այս ֆորսմաժորային վիճակները, որ բանկի վերակառուցումները, որոնք կապված չեն կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի խնդիրների հետ, այլ ամբողջ ճյուղը արտահանման սահմանափակումների պատճառով ունի վարկերի մարման խնդիրներ, այդ վերակառուցումները չանդրադառնան այդ ընկերությունների վարկային պատմությունների վրա ու դասակարգումներ չգնան ու բանկերը այդ իմաստով ազատ են իրենց գործողություններում:

Բայց, թե ինչքան կվերակառուցվի արդյունքում, այդ իմ նշած 30 միլիարդ պլյուս գումարն ինչքան կդառնա, չեմ կարող ասել, սցենարներից է կախված:

Վատ սցենարի դեպքում, այո, կարող է մի քանի անգամ դեռ ավելանալ այդ պորտֆելը, որը վերակառուցման կարիք ունի»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում, ի դեպ, սպառողական վարկերից հետո աճել են հենց գյուղատնտեսական վարկերը՝ նախորդ տարվա համեմատությամբ 23 տոկոսով:

Այս տվյալներն էլ մեկ այլ ասուլիսում ներկայացրեց բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, նկատելով՝ երբեք այդքան աճ տարեկան կտրվածքով չի եղել գյուղոլորտում, բայց թե ինչ կլինի առաջիկայում դժվար է գնահատել, ամեն դեպքում, բանկային համակարգը ռիսկերը հաշվարկում է:

«Մենք եթե մակրո մակարդակով ենք խոսում, բոլոր հնարավոր ռիսկերն ու սցենարները բանկերի կողմից մշտապես հաշվարկվում են, բայց մեզ կյանքը սովորացրել է հետևյալը, որ ոչ բոլոր ռիսկերն ու սցենարները մենք կարող ենք պատկերացնել:

Եվ դրա համար էլ լրացուցիչ բուֆերներ և լրացուցիչ չնախատեսված ռիսկեր են բանկերում հաշվի առնվում, և դրա հետ կապված թե՛ կապիտալի, թե՛ այլ գործիքների, այսպես ասած, բուֆերներ կան, բարձիկներ կան:

Ցանկացած ռիսկ, այսօր կարող ենք ասել, մեր բանկային համակարգն այնքան կապիտալացված և այնքան իրացվելիություններ ունի, որ մենք ցանկացած ռիսկերի կարող ենք դիմակայել»,- նկատում է բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ