Bankomat

Data Center-ը որպես «Գործարան»․ Ազգային փրկություն, թե՞ սովորական բիզնես

Լուրեր | 2026/08/14 08:01

Data Center-ը որպես «Գործարան»․ Ազգային փրկություն, թե՞ սովորական բիզնես

Ինչպես Firebird-ը փոխում է Հայաստանի տեխնոլոգիական landscape-ը

Վերջին մի քանի օրը Հայաստանում մի բան հաստատ պարզ դարձավ՝ եթե ուզում ես, որ ամբողջ երկիրը խոսի քո նախագծի մասին, դրա անունը պետք է դնես «ԱԲ գործարան»։ Firebird-ի շուրջ հիմա այնպիսի աղմուկ է, որ մի պահ մտածում ես՝ կա՛մ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, կա՛մ մենք ուղղակի հերթական անգամ շատ լավ վերնագիր ենք գտել ու մոռացել ենք նայել, թե վերնագրի տակ ինչ կա։

Մի կողմում իշխանական փառաբանությունն է, մյուս կողմում՝ ընդդիմադիր քննադատությունը։ Մեկը ասում է՝ սա Հայաստանի տեխնոլոգիական ապագան է, մյուսը՝ բնապահպանական աղետ, իսկ մեկն էլ ուղղակի հավելում է՝ «դե հա, Նիկոլն արեց»։

Այս աղմուկի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ շատ քիչ մարդ է խոսում հենց այն բանի մասին, ինչի մասին իրականում պետք է խոսենք. ի՞նչ է Firebird-ը տնտեսական իմաստով։ Ո՛չ քաղաքական, ո՛չ PR-ի, ո՛չ էլ «մեր երկիրը դարձավ առաջատար տեխնոլոգիական պետություն» մակարդակի, այլ՝ զուտ տնտեսական։

Firebird-ը, առաջին հերթին, data center (տվյալների կենտրոն) է՝ մեծ հաշվարկային հզորություններով, մեծաթիվ GPU-ներով, էլեկտրաէներգիայի հսկայական սպառմամբ և թանկարժեք սարքավորումներով։ Այստեղ վաճառվում է հաշվարկային հզորությունը։

Ամենակարևոր մասը փողն է։ Մենք լսում ենք «հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրում» արտահայտությունը և մտածում՝ հրաշալի է, կես միլիարդ դոլար եկավ Հայաստան։ Բայց տնտեսության մեջ առաջին հարցը չպետք է լինի՝ «որքա՞ն է», այլ՝ «ո՞ւմ փողն է և ո՞ւր է գնում»։

Աշխատատեղերի մասով կա մի թիվ, որը հարկ է բարձրաձայնել. մինչև 2030 թվականը՝ ընդամենը 40 նոր աշխատատեղ՝ միջինում 400 հազար դրամ աշխատավարձով։

Firebird-ի հնարավորությունները դեռ պոտենցիալ են, ոչ թե իրականություն։ Եթե հաշվարկային հզորությունը հասանելի դառնա հայկական համալսարաններին, գիտնականներին, ստարտափներին, և այն նպաստի AI էկոհամակարգի ձևավորմանը, ապա այն կլինի շատ լուրջ տնտեսական նախագիծ։

Ես դեմ չեմ Firebird-ին, նույնիսկ կարծում եմ՝ Հայաստանի համար նման ենթակառուցվածք ունենալը կարող է կարևոր լինել։ Բայց ես դեմ եմ, երբ բիզնես նախագիծը փորձում են վաճառել որպես ազգային փրկության ծրագիր, իսկ հարցեր տվողներին պիտակավորում են որպես տեխնոլոգիաների կամ ներդրումների թշնամիներ։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ