
Չինաստանի իշխանությունները սահմանային վերահսկողության նոր կանոններ են մտցրել՝ փորձելով զսպել թե՛ կապիտալի, թե՛ բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը երկրից, հաղորդում է CNBC-ն։
Նոր կարգավորումները պետական մարմիններին իրավական հիմք են տալիս առանձին դեպքերում արգելելու քաղաքացիների մեկնումը Չինաստանից։ Այդ սահմանափակումները կարող են կիրառվել, եթե մեկնումը հակասում է արտահանման վերահսկողության կանոններին կամ վտանգ է ստեղծում երկրի արդյունաբերական և տեխնոլոգիական անվտանգության համար։
Միջոցառումները ճնշումն ուժեղացնում են նաև այն ապահովված ընտանիքների, մասնավոր բանկիրների և տրաստային ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են ակտիվները տեղափոխել այլ իրավազորություններ։ Փորձագետների գնահատմամբ՝ Պեկինի նպատակը երկրում կապիտալն ու տաղանդը պահելն է՝ սահմանափակելով մարդկային կապիտալի արտահոսքը, որն առանցքային է նորարարությունների զարգացման և ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական մրցակցության համատեքստում։
Սահմանային վերահսկողության խստացումը ուղեկցվում է նաև հարկային վերահսկողության ընդլայնմամբ։ Չինաստանի կառավարությունը 20% հարկ է սահմանել օֆշորային տրաստներին փոխանցված ակտիվների նկատմամբ՝ փակելով այն հարկային բացը, որը երկար ժամանակ օգտագործվել էր կարողությունների պաշտպանության նպատակով։
Բացի այդ, կարգավորողները 20% հարկ են սահմանել օտարերկրացիների կողմից արտասահմանյան ներդրումներով ընկերություններից ստացվող շահաբաժինների նկատմամբ։ Ըստ հրապարակման՝ այս քայլը նվազեցնում է օտարերկրյա քաղաքացիություն ստանալու գրավչությունը այն չինացի ձեռնարկատերերի համար, որոնք փորձել են օգտվել հարկային արտոնություններից։
Աղբյուր՝ b24.am
