Bankomat

Chevron-ը զգուշացնում է համաշխարհային նավթի պաշարների նվազման մասին

Լուրեր|2026/09/17 15:02
Chevron-ը զգուշացնում է համաշխարհային նավթի պաշարների նվազման մասին

Ընկերության ղեկավար Մայք Վիրթը շուկայի արագ թուլացում այս փուլում քիչ հավանական է համարում։

Chevron-ի ղեկավար Մայք Վիրթը հայտարարել է, որ համաշխարհային նավթի շուկայում առկա խափանումները դժվար թե լինեն կարճաժամկետ, մինչդեռ պաշարները շարունակաբար նվազում են։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս գնահատականը տարբերվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումից, որը շուկայական խափանումները բնութագրում է որպես «ժամանակավոր»։

Ավելի քան կես տարի է, ինչ աշխարհում նավթամթերքի առևտրային պաշարները նվազում են։ Միաժամանակ, հում նավթի ռազմավարական պաշարները ևս գրեթե սպառվել են, ինչը մեծացնում է շուկայի խոցելիությունը նոր ցնցումների նկատմամբ։

Վերլուծաբանների հաշվարկով՝ անցած շաբաթվա հարձակումներից հետո, որոնք Սաուդյան Արաբիային ստիպել են դադարեցնել Հորմուզի նեղուցը շրջանցող կարևոր նավթամուղի աշխատանքը, շուկան կորցրել է օրական առնվազն 2.5 մլն բարել նավթ։ Այդ կորուստը տեղի է ունենում արդեն իսկ դեֆիցիտային միջավայրում։

Վիրթի խոսքով՝ գների հետագա շարժը կանխատեսելը դժվար է, սակայն ներկայիս պայմաններում արագ նվազում ակնկալելը նույնպես բարդ է։ «Ես կցանկանայի ասել, որ իրավիճակի լիցքաթափման ինչ‑որ պատճառներ եմ տեսնում, բայց այս պահին դժվար է հավատալ, որ դա տեղի կունենա», - ասել է նա։

Էներգետիկ ոլորտի խորհրդատուները ևս զգուշացնում են, որ եթե Իրանի պատերազմը չմոտենա ավարտին, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային 6.23 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց, իսկ բենզինը, որը այս ամռանը իջել էր 4 դոլարից ցածր, կրկին թանկացել է մինչև 4.32 դոլար։

Այս ֆոնին ներդրողները ավելի հաճախ են փորձում հասկանալ, թե երբ բարձր գների ճնշման տակ գտնվող սպառողները կսկսեն կրճատել վառելիքի սպառումը, ինչը կարող է ազդել պահանջարկի և շուկայի հետագա հավասարակշռության վրա։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ