Bankomat

Չարլզ III-ը AI ընկերություններին կոչ է անելու պաշտպանել մարդկանց վերահսկողությունը

Լուրեր|2026/09/17 17:54
Չարլզ III-ը AI ընկերություններին կոչ է անելու պաշտպանել մարդկանց վերահսկողությունը

Մեծ Բրիտանիայի թագավորը հանդիպում է ոլորտի առաջատարների հետ՝ AI-ի ռիսկերի շուրջ աճող մտահոգությունների ֆոնին։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը այսօր կընդունի արհեստական բանականության ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներին և կհայտարարի, որ նոր տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդկանց շահերին։ Հանդիպումը կազմակերպվում է այն փուլում, երբ AI-ի հնարավոր վտանգների վերաբերյալ նախազգուշացումները ավելի հաճախակի են դարձել։

Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը հրավիրված են Nvidia-ի, Google DeepMind-ի, OpenAI-ի, Anthropic-ի և այլ ընկերությունների ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում այն մտահոգությունն է, որ արհեստական բանականության անվտանգության մեխանիզմները չեն հասցնում համընթաց զարգանալ տեխնոլոգիայի արագ առաջխաղացման հետ։

Վերջին շաբաթներին ակտիվացել է նաև ավելի լայն բանավեճը՝ կարո՞ղ է ոլորտը ինքնուրույն վերահսկել արհեստական բանականության զարգացումը, թե՞ իշխանությունները պետք է ընկերություններին պարտադրեն դանդաղեցնել դրա մշակումը։

Գործակալության տվյալներով՝ Չարլզ III-ը ցանկանում է ղեկավարներին հստակ ասել, որ նրանք պետք է մարդկանց համոզեն՝ ինքնավար արհեստական բանականության գործակալները չեն զրկի նրանց սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունից։

Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Nvidia-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, Google DeepMind-ի հիմնադիր և նախագահ Դեմիս Հասաբիսը, OpenAI-ի ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայերը, ինչպես նաև արհեստական բանականության հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Կանիշկա Նարայանը։

Reuters-ը գրում է, որ հանդիպմանը կարող է ներկա լինել նաև Պաոլո Բենանտին՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի խորհրդականը, որը նախկինում կառավարություններին կոչ էր արել դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը։

AI-ի ռիսկերի շուրջ քննարկումները նորից սրվել են այն բանից հետո, երբ Anthropic-ի երկու հետազոտողներ նախազգուշացրել էին, որ այս տեխնոլոգիայի արագ զարգացումը տեսանելի ապագայում կարող է հանգեցնել մարդկության վերացմանը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ