Bankomat

Ճապոնիայի բանկը տոկոսադրույքը բարձրացրել է 31 տարվա առավելագույնին

Լուրեր|2026/09/18 06:28
Ճապոնիայի բանկը տոկոսադրույքը բարձրացրել է 31 տարվա առավելագույնին

Կարգավորիչը 1%-ից բարձրացրել է դրույքը մինչև 1,25% և ազդակ տվել հետագա խստացման հնարավորության մասին։

Ճապոնիայի բանկը սեպտեմբերի 18-ին բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը՝ 1%-ից հասցնելով 1,25%-ի, ինչը վերջին 31 տարվա ամենաբարձր մակարդակն է։ Reuters-ի փոխանցմամբ՝ կարգավորիչը նաև հասկացրել է, որ պահպանվող գնաճային ճնշման պայմաններում պատրաստ է շարունակել փոխառությունների արժեքի բարձրացման ուղին։

Որոշումն ընդունվել է յոթ կողմ և երկու դեմ ձայներով։ Խորհրդի անդամներ Տոիտիրո Ասադան և Այանո Սատոն դեմ են քվեարկել՝ կոչ անելով ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել։

Սա վերջին երեք ամսում տոկոսադրույքի առաջին բարձրացումն է։ Այդ քայլով դրույքը մոտենում է այն մակարդակին, որը Ճապոնիայի բանկը տնտեսության համար չեզոք է համարում, և շարունակում է երկար տարիներ պահպանված գերծածր տոկոսադրույքների քաղաքականությունից հեռանալու ընթացքը։

Կենտրոնական բանկում նշել են, որ տնտեսական և գնային դինամիկան ընդհանուր առմամբ համապատասխանում է բազային կանխատեսմանը, սակայն բազային գնաճի՝ 2% թիրախից շեղվելու ռիսկը պահպանվում է։ Մեծածախ գնաճը շարունակում է բարձր մնալ, իսկ կորպորատիվ հատվածում ձևավորվող գնային ճնշումը սկսում է փոխանցվել սպառողական գներին։ Կարգավորիչի գնահատմամբ՝ բազային գնաճը մոտեցել է 2%-ին։

Չնայած տոկոսադրույքի բարձրացմանը՝ իենը թուլացել է մինչև 156,91 մեկ դոլարի դիմաց։ Ներդրողների ուշադրությունը գրավել է դրամավարկային քաղաքականության հետագա կոշտացման վերաբերյալ ավելի հստակ ազդակների բացակայությունը, ինչպես նաև տոկոսադրույքի բարձրացման դեմ տրված երկու ձայները։

Այժմ շուկաները սպասում են Ճապոնիայի բանկի ղեկավար Կաձուո Ուեդայի մամուլի ասուլիսին՝ հասկանալու, թե երբ և ինչ տեմպով կարող է շարունակվել տոկոսադրույքների հետագա բարձրացումը։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ