
Ճապոնիայի կառավարության ծրագիրը, որով նախատեսվում էր էլեկտրաէներգիայի արտադրությունում ատոմային էներգիայի բաժինը հասցնել 20%-ի, այժմ հարցականի տակ է հայտնվել։ Kyodo-ի հաղորդմամբ՝ դրա հիմնական պատճառը «Համաոկա» ԱԷԿ-ի երկու էներգաբլոկների վերագործարկման ծրագրից հրաժարվելն է։
Chubu Electric Power-ը դադարեցրել է այդ երկու ռեակտորների վերագործարկման գործընթացը այն բանից հետո, երբ բացահայտվել է կայանի սեյսմակայունության վերաբերյալ տվյալների կեղծում։ Ընկերությունը ընդունել է, որ իշխանություններին տրամադրել է ոչ հավաստի տեղեկություններ այն մասին, թե որքանով է ԱԷԿ-ը դիմակայելու ուժեղ երկրաշարժերին։ Դրանից հետո վերագործարկման ծրագրերը չեղարկվել են, իսկ ընկերության ղեկավարությունը որոշել է հրաժարական տալ։
Միաժամանակ Ճապոնիայում քննարկվում է նոր ատոմային էլեկտրակայանների կառուցումը, սակայն այդ նախագծերի համար երաշխավորված ֆինանսավորում առայժմ չկա։ Kyodo-ն նշում է, որ այս իրավիճակում կարող է կրկին անհրաժեշտ դառնալ «Համաոկա» ԱԷԿ-ի երկու էներգաբլոկների անվտանգության լրացուցիչ ստուգումը՝ չնայած նախկին փորձարկումների տվյալների կեղծման շուրջ արդեն ծագած սկանդալին։
Եթե այդ տարբերակը չիրականանա, Ճապոնիան ստիպված կլինի ավելի մեծ չափով հենվել ջերմային էլեկտրակայանների վրա։ Դա, իր հերթին, կուժեղացնի երկրի կախվածությունը նավթի և հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումից։
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից առաջ Ճապոնիայում աշխատում էր 54 ատոմային ռեակտոր։ Այժմ շահագործման պոտենցիալ ունեցող ռեակտորների թիվը, ներառյալ կառուցվողները, կրճատվել է մինչև 36, և դրանցից միայն 15-ն են անցել զգալիորեն խստացված անվտանգության ստուգումները։
Բացի այդ, առաջիկա տարիներին այդ ռեակտորներից շատերը կհասնեն շահագործման առավելագույն՝ 60 տարվա ժամկետին և, ինչպես սպասվում է, փուլ առ փուլ դուրս կբերվեն շահագործումից։ Մինչ այս պահը անվտանգության ստուգումներ է անցել ևս ընդամենը երեք էներգաբլոկ։
Աղբյուր՝ b24.am
