Microsoft-ի համահիմնադիր, միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը մտադիր է այս տարվա վերջին հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել արհեստական բանականության (ԱԲ) աճող վտանգները նվազեցնելու համար։
Reuters-ին տված հարցազրույցում Գեյթսը հայտնել է, որ կարծում է՝ Չինաստանը կարող է համաձայնել սահմանափակել ԱԲ պոտենցիալ վտանգավոր մոդելների թողարկումը, եթե այդ հարցում առաջին քայլը կատարի ԱՄՆ-ը։
«Ամբողջ աշխարհը կհետևի դրան»,- ասել է Գեյթսը։
Microsoft-ի համահիմնադրի ներկայացուցիչը հայտնել է, որ նրա աշխատակազմը փորձում է վերջնականացնել Սի Ծինփինի հետ հանդիպումը Գեյթսի՝ Չինաստան կատարելիք հաջորդ այցի ընթացքում։ Այցը նախնական նախատեսվում է նոյեմբերին։
Գեյթսը նաև ցանկանում է առաջարկել, որ երկրները վերահսկեն ԱԲ-ի՝ մոլեկուլներ ստեղծելու և կենսաբանական հարձակումներ իրականացնելու հնարավորությունները։ Նրա խոսքով՝ դա չի խոչընդոտի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։
ԱԲ-ն կարող է օգտագործվել նաև հարձակումների համար
Գեյթսը հունվարին ավելի լավատեսորեն էր արտահայտվում ԱԲ-ի հեռանկարների մասին, սակայն դրանից հետո սկսել է ավելի շատ մտահոգվել։ Պատճառները քիչ չեն, ըստ նրա, ԱԲ-ն ոչ միայն մարդկանց կզրկի աշխատատեղերից, այլև կարող է օգտագործվել հարձակումներ իրականացնելու և օգտատերերի վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար։
Այսօր իր բլոգում Գեյթսն առաջարկել է ստեղծել միջազգային կազմակերպություն, որը կհետևի արհեստական բանականության զարգացմանն ու դրա հնարավոր վտանգներին։
«Աշխարհի գլխավոր առաջնահերթությունը»
Գեյթսը գրել է, որ աշխարհի գլխավոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի այնպիսի ապագայի ապահովումը, որտեղ ԱԲ-ն չի խորացնի անհավասարությունը և չի վնասի խոցելի խմբերին։
Աղբյուր՝ www.azatutyun.am
