Միլիարդատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը բացահայտ նախազգուշացնում է, որ արհեստական բանականությունը լուրջ սպառնալիք է աշխատատեղերի և մարդկային կյանքի համար, իսկ դրա հետ կապված ռիսկերի հրատապ լուծումը պետք է դառնա «ամբողջ աշխարհի գլխավոր առաջնահերթությունը»:
The New York Times-ին տված հարցազրույցում Գեյթսը հայտարարել է, որ տեխնոլոգիական ոլորտը միտումնավոր նվազեցնում է այդ սպառնալիքների կարևորությունը, քանի որ խաղադրույքի տակ չափազանց մեծ գումարներ են:
«Մասնավոր զրույցներում մարդիկ, ովքեր հասկանում են, թե որքան լավն են այս տեխնոլոգիաները և որքան արագ են դրանք կատարելագործվում, շատ անհանգստացած են», – ասել է նա:
Գեյթսի խոսքով, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներից քչերն են պատրաստ դա հրապարակայնորեն ընդունել, – «Նրանք հիմա միմյանց ասում են․ «Հեյ, ընկեր, այս մասին մի խոսիր։ Դա մեզ համար վատ է, քանի որ մենք փորձում ենք ներգրավել հաջորդ տրիլիոն դոլարը»:
Նա հայտարարել է, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում աշխատատեղերի զանգվածային կորուստն անխուսափելի է, քանի որ արհեստական բանականությունը տարածվելու է ամբողջ տնտեսության մեջ:
Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Microsoft-ը, մրցակցելով միմյանց հետ, օգնում են կորպորատիվ հաճախորդներին ներդնել արհեստական բանականություն, որը կարող է փոխարինել սովորական աշխատակիցներին:
Գեյթսը առաջարկել է ներդնել արհեստական բանականության օգտագործման նոր հարկ, որը հայտնի է որպես «թոքենների հարկ» (token tax), որպեսզի մարդկանց արհեստական բանականությամբ փոխարինումը դառնա ավելի ծախսատար:
Գեյթսը կարծում է, որ որոշ մասնագիտություններ ընդհանրապես չպետք է փոխանցվեն արհեստական բանականությանը, և այս հայեցակարգը նա անվանել է «Human Reserved» («վերապահված է մարդուն»):
«Ես չեմ սիրում մարդկանց վատ լուրեր հայտնել և չեմ սիրում ասել, որ նորարարությունները, ի վերջո, կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ բերել: Բայց հենց այս իրավիճակում ենք մենք հիմա հայտնվել», – ասել է Գեյթսը:
Աղբյուր՝ b24.am
