Bankomat

Baidu-ն Դուբայում գործարկել է ամբողջությամբ անօդաչու տաքսիներ

Լուրեր | 2026/08/20 17:15

Baidu-ն Դուբայում գործարկել է ամբողջությամբ անօդաչու տաքսիներ

Baidu-ն համագործակցում է Uber-ի հետ անօդաչու տաքսիների ծառայություն առաջարկելու համար

Չինական Baidu ընկերությունը Դուբայում գործարկել է Apollo Go ամբողջությամբ անօդաչու տաքսիները, որոնք հնարավոր է պատվիրել Uber հավելվածի միջոցով: Այս մասին հայտնել է Baidu-ն:

«Այսօրվանից՝ օգոստոսի 20-ից, Baidu ընկերության Apollo Go անօդաչու ավտոմեքենաները պաշտոնապես հասանելի են Դուբայում Uber հարթակի ուղևորների համար», – հայտարարել են ընկերությունում:

Սկզբնական փուլում ծառայությունը կընդգրկի Ում Սուքեյմ և Ջումեյրա հիմնական շրջանները, որից հետո սպասարկման գոտին աստիճանաբար կընդլայնվի: Անօդաչու ուղևորություն կարելի է պատվիրել UberX և Uber Comfort սակագները ընտրելու դեպքում կամ հավելվածում նախատեսված Autonomous հատուկ տարբերակի միջոցով: Գործընկերության շրջանակում նախատեսվում է աստիճանաբար Uber-ի համաշխարհային ցանցում ինտեգրել Baidu-ի հազարավոր ռոբոտաքսիներ:

2026 թվականի Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում Apollo Go-ի անօդաչու ավտոմեքենան դարձել է միջոցառման պաշտոնական տրանսպորտը, իսկ դրա առաջին բարձրաստիճան ուղևորը եղել է Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը:

Դուբայում իրականացվող նախագիծը, հունվարին Աբու Դաբիում գործարկված ծառայության հետ միասին, ձևավորում է ընկերության ներկայության կարևոր կենտրոնը Մերձավոր Արևելքում:

Զուգահեռաբար Apollo Go-ն զարգացնում է նաև եվրոպական ուղղությունը՝ Uber-ի և Lyft-ի հետ համատեղ փորձարկումներ անցկացնելով Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև PostBus-ի հետ համագործակցությամբ Շվեյցարիայում գործարկելով AmiGo ինքնավար մեքենավարման ծառայությունը:

Այսօրվա դրությամբ Apollo Go-ն գործում է աշխարհի 28 քաղաքներում, իսկ ընկերության ավտոպարկերը ինքնավար ռեժիմում ընդհանուր առմամբ անցել են ավելի քան 350 միլիոն կիլոմետր: Դրանցից ավելի քան 240 միլիոն կիլոմետրն անցել է ամբողջությամբ անօդաչու ինքնավար ռեժիմով՝ ըստ ընկերության հայտարարության:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ