Ազգային ժողովում այսօր քննարկվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի առաջադրած թեկնածուի հարցը:
«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը:
Ֆարմանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, նախկինում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, այսօր հայտարարեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են 2019 թվականին՝ հեղափոխությունից հետո, հիմնավորելով, թե նա յուրային չէ և պետք է հեռանա։ Այս որոշումը Ֆարմանյանը անգամ դատական կարգով է բողոքարկել:
Հայկ Ֆարմանյանին հարցեր տալու համար հերթագրվեց մոտ 40 պատգամավոր։ Ընդդիմադիր ուժի թեկնածուին իշխանական պատգամավորները տարբեր հարցեր ուղղեցին, այդ թվում՝ նրա ՊԵԿ-ում աշխատելու տարիների հետ կապված:
Ֆարմանյանից անգամ գնահատականներ էին ակնկալում RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների հետ կապված. «Արդյո՞ք համարում եք Հայաստանի դեմ ուղղված հայտարարություն էր, թե՞ ոչ»:
«Բոլոր այն խոսույթները, որոնք կվիրավորեն հայ ժողովրդին, որոնք չեն բխի Հայաստանի Հանրապետության շահերից, չեմ ողջունում, դատապարտում եմ հստակ», - պատասխանեց նա:
Կային նաև ապօրինի գույքի վերադարձի վերաբերյալ հարցեր, Հայկ Ֆարմանյանը նախ հայտարարեց, թե դա արվում է մարդկանց պատժելու համար և պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, շարունակել զրոյական կետից և չվերադառնալ այդ թեմաներին:
Հետո արդեն ի պատասխան իր գործընկերների հարցերին հայտարարեց՝ ընդհանուր թիմի դիրքորոշումը այն է, որ դատապարտելի է ցանկացած թալան:
Հայկ Ֆարմանյանի այս հայտարարությանը հետևեցին իշխանականների ծափահարությունները, անգամ հնչեց ռեպլիկ, թե նա կարող էր նստած լինել իշխանական ֆրակցիայի հատվածում:
Հարցուպատասխանի ընթացքում այնքան էլ ակտիվ չէր «Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ իրենք որոշում ունեն կողմ քվեարկելու բոլոր ընդդիմադիր թեկնածուներին, իսկ բոլոր իշխանական թեկնածուների քվեարկություններին չեն մասնակցելու:
Իշխանական խմբակցության ղեկավար Արյուսյակ Մանավազյանը պնդեց, թե նրան ընտրել-չընտրելու հետ կապված դեռ որոշում չունեն:
Հանձնաժողովների նախագահների պաշտոններում թեկնածուներին քննարկելուց հետո արդեն խորհրդարանը կանցնի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման աշխատանքների հարցի քննարկմանը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
