Bankomat

Ախուրյան համայնքում, մինչև տարեվերջ, կսկսի գործել մոդուլային սպանդանոցը

Լուրեր | 2026/08/27 00:03

Ախուրյան համայնքում, մինչև տարեվերջ, կսկսի գործել մոդուլային սպանդանոցը

Շիրակի մարզում սպանդանոցների բացակայությունը խնդիր է դարձել

Շիրակի մարզում անասնագլխաքանակի անկման պատճառներից մեկը սպանդանոցների բացակայությունն է. պետությունը տուգանում է ոչ սպանդանոցային մորթի համար, սակայն սպանդանոցներ չի կառուցում: Ախուրյան համայնքը որոշել է հարցը լուծել սեփական ուժերով՝ ձեռք բերելով շարժական մոդուլային սպանդանոց, որը կգործարկվի մինչև տարեվերջ:

Այս տարվա փետրվարի 3-ին Շիրակի մարզի անասնապահներն ու մսավաճառները հավաքվել էին մարզպետարանում՝ բողոքելով սպանդանոցների բացակայությունից և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանած տուգանքներից: Նրանք պահանջում էին, որ պետությունն օրենքներ գրելուն զուգահեռ կարողանա նաև դրանց կատարումն ապահովել, այսինքն՝ սպանդանոցներ կառուցի, բայց դրա փոխարեն միայն տուգանում է ոչ սպանդանոցային մորթի միս վաճառելու համար:

«Կառավարությունը պետական սպանդանոց չի կառուցում, կառավարությունը հնարավորություն է ստեղծում: Մենք համայնքապետերի հետ քննարկում ենք տարբեր սուբվենցիոն կամ այլ միջոցներով համայնքապատկան սպանդանոցներ կառուցելու տարբերակներ: Եթե վաճառած մսի պատճառով դժբախտ դեպք պատահի, պատասխանատվությունը կրելու է մսավաճառը. միսը պետք է ստուգված լինի և անվտանգ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Ախուրյան խոշորացված համայնքում սպանդանոց ունենալու հետ կապված գործնական քայլեր արվել են դեռ 2025թ.-ի հոկտեմբերին: Համայնքը շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերելու նպատակով երկու գնային հարցում էր կատարել՝ «Վետ Հոլդինգ» ԱՊԸ-ից և «Հարությունյան Կոնսալտինգ» ՍՊԸ-ից:

2025թ.-ի դեկտեմբերին Ախուրյանի համայնքապետարանի և «Վետ Հոլդինգ» ԱՊԸ-ի միջև կնքվել է գույքի գնման պայմանագիր՝ 49.400.000 դրամի սահմաններում, պայմանագրի երրորդ կողմ է հանդես եկել «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունը:

ՀՀ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում և Հայաստանի Զարգացման և ներդրումների Կորպորացիայի (DICA) կողմից Ախուրյան համայնքին լիզինգային եղանակով տրամադրվել է շարժական մոդուլային սպանդանոց: ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում լիզինգը տրամադրվել է 2 % տարեկան տոկոսադրույքով:

Սպանդանոցի գործարկումը հնարավորություն կտա տարածաշրջանում գյուղատնտեսական կենդանիների սպանդն իրականացնել սննդամթերքի անվտանգության ապահովման արդիական ստանդարտներին համապատասխան՝ սպառողներին մատակարարելով որակյալ ու անվտանգ սնունդ:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ