Bankomat

Ավարտվել է Junius ֆինանսական մրցաշարը

Լուրեր|2026/09/18 13:02
Ավարտվել է Junius ֆինանսական մրցաշարը

Idram Junior հավելվածի նախաձեռնությունը միավորել է 8-16 տարեկան մասնակիցներին ֆինանսական գրագիտության շուրջ։

Երեխաների համար կազմակերպված Junius ֆինանսական մրցաշարն ավարտվել է՝ ամփոփելով մի քանի փուլով անցկացված նախաձեռնությունը, որի նպատակն էր խաղային ձևաչափով զարգացնել ֆինանսական գրագիտությունը։ Մրցաշարի ընթացքում մասնակիցները սովորել են, թե ինչպես ճիշտ տնօրինել և խնայել գումարը, ինչպես ճանաչել և խուսափել ժամանակակից ֆինանսական զեղծարարություններից, ինչպես նաև ինչպես օգտվել թվային ֆինանսական գործիքներից։

Idram-ի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ յուրաքանչյուր նոր փուլում մասնակիցների թիվն աճել է, և մրցաշարին ամեն անգամ միացել են նոր երեխաներ։ Նրա խոսքով՝ կային նաև այնպիսի մասնակիցներ, որոնք մասնակցել են բոլոր խաղերին և մշտապես փորձել են լինել առաջատարների թվում։

Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ խաղի կանոններով մեկ անգամ հաղթելուց հետո մասնակիցը հաջորդ երեք ամիսների ընթացքում չի կարող կրկին հաղթող ճանաչվել և ստանում է միայն խրախուսական մրցանակ։ Այդուհանդերձ, այս փուլում ևս եղել են մասնակիցներ, որոնք ստացել են խրախուսական մրցանակներ և, նրա բնորոշմամբ, անկեղծորեն ուրախացել են նաև դրանց համար։

Նախաձեռնության կազմակերպիչները նշում են, որ երեխաների աճող հետաքրքրությունը, ներգրավվածությունն ու ձեռք բերած գիտելիքները ցույց են տալիս՝ Idram Junior հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը կարող է նպաստել ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը և ապագա հաջողությունների համար հիմք ստեղծել։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար։ Այն երեխաներին հնարավորություն է տալիս օգտվել անկանխիկ միջոցներից, կատարել անհպում վճարումներ, խնայել և զարգացնել ֆինանսական գիտելիքները, իսկ ծնողներին՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

Հաղորդագրության վերջում կազմակերպիչները շնորհավորել են բոլոր մասնակիցներին և մաղթել նոր հաղթանակներ։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ