Արթիկի և Հառիճի դպրոցներից հափշտակության դեպք է բացահայտվել: Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: Նախաքննությամբ պարզվել է, որ նա, ամենամսյա հաշվետվության մեջ չի ներառել որոշ աշխատակիցների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի և պարտադիր այլ վճարների գումարները, ինչպես նաև դպրոցի հաշիվներում առկա միջոցներն իր և աշխատակից չհանդիսացող անձանց անուններով իբրև աշխատավարձ կամ պարտքի վերադարձ փոխանցելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու արդյունքում 2 անձի օժանդակությամբ հափշտակել է շուրջ 55 մլն դրամ:
Բացի այդ, վերը նշված պաշտոնյան, զբաղեցնելով նաև Հառիճի միջնակարգ դպրոցի գնումների պատասխանատուի և համակարգողի, հաջորդապես նաև հաշվապահի պաշտոնները, իր կնոջ՝ նույն դպրոցի հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և մեկ այլ քաղաքացու օժանդակությամբ հափշտակել են դպրոցից ելքագրված 33 մլն դրամը: Նրանց հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 87 մլն դրամի գույքային վնաս, որից 43 մլն դրամը վերականգնվել է:
Աղբյուր՝ www.aravot.am
