«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հուլիս ամիսներին։ Տնտեսական ակտիվության աճը պահպանվել է բարձր մակարդակում, սակայն վերջին ամիսներին նկատվում են դրա աստիճանական դանդաղում և աճի կառուցվածքի անհավասարակշռության խորացում։ Հունվար-հուլիսի կուտակային աճը կազմել է 7.7%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը։ Միաժամանակ, ծառայությունների և շինարարության բարձր աճի պայմաններում արդյունաբերության աճը դանդաղել է, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական։
Արտահանման նվազումը, ներմուծման արագացումը, կապիտալ ծախսերի կրճատումը և գնաճի՝ թիրախային միջակայքից բարձր մակարդակը ևս մատնանշում են, որ բարձր ընթացիկ աճը դեռևս ամբողջությամբ չի վերածվում հավասարակշռված և երկարաժամկետ կայուն աճի։ Հետևաբար, կարևոր են ոչ միայն աճի տեմպի պահպանումը, այլև դրա կառուցվածքի և որակի բարելավումը՝ հատկապես արտադրողական, ներդրումային և արտահանելի հատվածների դերի մեծացման միջոցով։
Արտաքին առևտրում արտահանման և ներմուծման դինամիկան շարունակում է շարժվել հակադիր ուղղություններով։ Հուլիսին արտահանման տարեկան անկումը որոշակիորեն մեղմվել է՝ կազմելով 15.7%, սակայն հունվար-հուլիսի կուտակային անկումը խորացել է մինչև 7.9%։ Միաժամանակ, ներմուծման աճը հուլիսին արագացել է մինչև 21.5%, իսկ կուտակային աճը՝ մինչև 7.7%։ Այս տարբերությունը մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ճնշումը։
Ուշադրության արժանի է բուսական ծագման արտադրանքի արտահանման գծով գրանցված 25.7% անկումը, որը կարող է պարունակել ՌԴ-ի կողմից հունիսից կիրառված սահմանափակումների ազդեցության առաջին դրսևորումները, թեև հայտնի տվյալներով դրանց առանձին ազդեցության չափը դեռևս հնարավոր չէ հստակ գնահատել, քանի որ առկա մանրամասն ապրանքային տվյալներն ընդգրկում են սահմանափակումների կիրառման միայն սկզբնական ժամանակահատվածը։
Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվում է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մնալ մտահոգիչ։ 2026թ. հունվար-հուլիսին ընթացիկ ծախսերն աճել են 17.2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 26.6%-ով։ Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է պայմանավորված լինել դրանց թերակատարման խնդրով՝ բացասական ազդեցություն ունենալով տնտեսության պոտենցիալի զարգացման վրա:
Աղբյուր՝ www.aravot.am
