«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն Արամայիս Ավետիսյանին՝ 22 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով, ընտրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն։ Հոգաբարձուների խորհրդի 29 անդամներից նիստին մասնակցել են 24-ը։ Արամայիս Ավետիսյանը գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնում է 2026 թվականի օգոստոսի 24-ից։
Խորհրդին ներկայացված իր տեսլականում Ավետիսյանն առանձնացրել է Հիմնադրամի զարգացման հիմնական ուղղությունները՝ կազմակերպական կարողությունների ամրապնդում եւ գործառնական արդյունավետության բարձրացում, վստահության, հաշվետվողականության եւ թափանցիկության նոր մշակույթի ձեւավորում, անցում արձագանքային գործունեությունից դեպի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ պահպանելով Հայաստան–Սփյուռք կապի ամրապնդումը որպես Հիմնադրամի առանցքային առաքելություն։
Արամայիս Ավետիսյանը տնտեսագետ եւ կառավարման մասնագետ է՝ շուրջ 13 տարվա մասնագիտական փորձով պետական, մասնավոր եւ հասարակական ոլորտներում։ Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է կազմակերպությունների կառավարում եւ ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, հանրային քաղաքականություն, շահառուների հետ աշխատանք, դրամահավաք եւ հաղորդակցություն։ 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։
Ավետիսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտությամբ։ Մասնավոր հատվածում աշխատել է «ՎԵՈՆ Հայաստան», «Տավուշ Տեքստիլ» եւ «Ականաթ» ընկերություններում։ 2018 թվականին համահիմնադրել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը եւ մինչեւ 2022 թվականը զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Ավետիսյանն ամուսնացած է։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։
2025 թվականից Ավետիսյանը ներգրավված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում։ Նա համակարգել է 2025 թվականի «Հայրենիք եւ հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավը։ Արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 30%-ով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին՝ Հայաստանի եւ Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման եւ ամրապնդման շուրջ համախմբելու նպատակով։ Ավելի քան երեք տասնամյակ Հիմնադրամն իրականացնում է ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական եւ զարգացման այլ ծրագրեր՝ ծառայելով որպես Հայաստան–Սփյուռք համագործակցության համահայկական հարթակ։ Հիմնադրամը նաեւ համախմբել է համահայկական ներուժը՝ հումանիտար ճգնաժամերին եւ այլ հրատապ մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ banks.am
