2025 թվականի հունվարի 1-ից մինչև այս տարվա օգոստոսի կեսը անհուսալի վարկառուների ծրագրից օգտվել է 11 241 շահառու, որից 4 261-ն աշխատանքի է տեղավորվել «ծրագրի իրականացման արդյունքում»։ Տվյալները «Հետք»-ին են փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
2024 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հայտարարեց, որ գործարկում է անհուսալի վարկառուների վարկային պատմությունն առողջացնելու և այդ վարկառուներին աշխատաշուկա բերելու ծրագիր։ Այն կոչվում է «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառում։
Ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, որոնց վարկերի մայր գումարների հանրագումարը (առանց տույժ-տուգանքների) 1 մլն դրամից պակաս է, և այդ վարկերն անհուսալի են ճանաչվել առնվազն 3 տարի։ Պարզ ասած՝ այն քաղաքացիները, որոնք վարկ են վերցրել և տարիներ շարունակ չեն մարել։
Հաջորդ կարևոր պայմանն այն է, որ նրանք պետք է ունենան ֆորմալ, այսինքն՝ գրանցված աշխատանք կամ զբաղվածություն։
Աջակցությունը հետևյալն է. որպես աշխատող քաղաքացիներ՝ նրանց վճարած եկամտային հարկն ուղղվում է ոչ թե պետական բյուջե, այլ՝ վարկերի մարմանը։ Ծրագրի ավարտից (առավելագույնը 24 ամիս) հետո այս աշխատողների եկամտային հարկն արդեն ամբողջությամբ սկսում է մտնել բյուջե։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի գնահատմամբ՝ դիմողների փաստացի թիվը ակնկալվող շահառուների թվի ընդամենը 5-10%-ն է։
«Եթե մարդը որոշել է չմարել վարկերը, ինչ ուզում ես արա, չի մարի։ Ընդ որում՝ սահմանված 1 մլն դրամի շեմը մայր գումարին է վերաբերում։ Եթե վարկ է վերցրել 500 հազար դրամ, բայց տույժ-տուգանքով այն դարձել է 2 մլն դրամ, միևնույն է, նա կարող է դառնալ ծրագրի շահառու։ Ովքեր պահանջներին համապատասխանել են, բանկերը միանշանակ համաձայնել են, տույժերի ու տուգանքների 80%-ը ներել են»,- ասաց Դանիել Ազատյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանխատեսմամբ՝ այս պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը կդիմեր, սակայն փաստացի ցուցանիշները ի սկզբանե կանխատեսվածներից անգամներով փոքր են այս պահին։
Շահառուների վարկերի մարմանն ուղղվել է մոտ 2.7 մլրդ դրամ
Սոցապ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում շահառուների անհուսալի վարկերի մարման նպատակով ֆինանսավորվել է 2 մլրդ 658 մլն դրամ, ըստ էության՝ այդքան եկամտային հարկ է ուղղվել այս ծրագրին 2025 թվականի սկզբից ի վեր։
Աղբյուր՝ hetq.am
